Աֆղանստանում հարսանիքի մասնակիցներին գնդակահարել են երաժշտության պատճառով

Աֆղանստանում հարսանիքի մասնակիցներին գնդակահարել են երաժշտության պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, Times․am: Աֆղանստանի հարավում մի խումբ զինված մարդիկ, որոնք իրենց անվանել են թալիբաններ, կրակ են բացել հարսանիքի մասնակիցների ուղղությամբ, սպանելով նվազագույնը երկու, վիրավորելով չորս մարդու։ Պատճառը եղել է հարսանիքի ժամանակ հնչած երաժշտությունը։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ինչպես հայտարարել է Թալիբան շարժման ներկայացուցիչը, հարձակում գործած երեք հոգանոց խմբի անդամներից երկուսը ձերբակալվել են։

Կատարվածի ականատեսներից մեկը BBC-ին պատմել է, որ հարսանյաց արարողությանը միաժամանակ մասնակցում էր չորս ամուսնական զույգ։ Նրանք Թալիբան շարժման տեղի առաջնորդներից թույլտվություն էին խնդրել տոնական արարողության ժամանակ երաժշտական ձայնագրություններ օգտագործելու համար։ Երաժշտությունը պետք է հնչեր միայն կանանց հատվածում։

Սակայն որոշ ժամանակ անց զինված խումբը ներխուժել է հարսանիք, փորձելով կոտրել երաժշտական սարքավորումները։ Հյուրերը դիմադրել են, ինչից հետո անկոչ հյուրերը կրակ են բացել նրանց ուղղությամբ։

Երաժշտությունը Աֆղանստանում արգելվել էր դեռևս Թալիբանների նախորդ ռեժիմի ժամանակ, 1991-ից 2001 թվականներին։ Նոր իշխանություններն այդ առումով դեռ որոշում չունեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում