Դատախազությունը համաձայն չէ Խաչատուր Սուքիասյանի եղբորը գրավի դիմաց ազատ արձակելու որոշման հետ․ վերաքննիչ բողոք կներկայացվի

Դատախազությունը համաձայն չէ Խաչատուր Սուքիասյանի եղբորը գրավի դիմաց ազատ արձակելու որոշման հետ․ վերաքննիչ բողոք կներկայացվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, Times․am: Դատախազությունը համաձայն չէ հայտնի իշխանական գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշմանը, պահանջում են նրան կրկին կալանավորել, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ռոբերտ Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը՝ գրավի չափ սահմանելով 50 մլն դրամը (ավելի քան 100 հազար դոլար), ինչը վճարելուց հետո Սուքիասյանն ազատ է արձակվել։

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ դատախազությունը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել՝ Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշման դեմ։

Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են և նա ընկերների հետ, որոնց թվում եղել է նաև Սուքիասյանի եղբայրը, պարզաբանումների էր կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։ Հնչել էին կրակոցներ, որի հետևանքով կան նաև տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Ռոբերտ Սուքիասյանը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։

«Փաստինֆո»-ն ավելի հայտնել է, որ դա եղել է Արցախի նախագահ կողմից որպես պարգև տրված զենք։ Թե ինչ ծառայությունների համար է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զենքով պարգևատրվել Խաչատուր Սուքիասյանի եղբորը, պարզ չէ, սակայն հայտնի է, որ այն օգտագործվել է Երևանի կենտրոնում՝ «ռազբորկայի» ժամանակ։

Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է, բայց փաստացի, նա կալանքի տակ չի գտնվում արդեն շուրջ երկու ամիս։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև 46-ամյա տղամարդու և տուժող Նարեկ Կարապետյանին։ Սույն քրեական գործով տուժող կողմը ԱՄՆ քաղաքացիներ են, և գործի ընթացքին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում։ Թերևս, դա էլ հաշվի առնելով, իշխանությունները որոշել էին Խաչատուր Սուքիասյանի եղբորը ձևականորեն կալանավորելու որոշում կայացնել՝ ամերիկացիներին ցույց տալու, թե իբր օբյեկտիվ քննություն են իրականացնում, սակայն գործնականում իշխանական օլիգարխ-պատգամավորի եղբայրը արգելանքի տակ չէր գտնվում, վերջինս իր կալանավորման ժամկետն անցկացրել է քաղաքացիական հիվանդանոցում։

Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել և փոխել Խաչատուր Սուքիասյանի եղբոր մեղադրանքի նկարագրությունը՝ նշելով, թե իբր վերջինս դեպքի վայրում հայտնվել է պատահաբար, սակայն զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածը չի վերաորակել։ Նախաքննության ավարտից առաջ վարույթն իրականացնող մարմինը դադարեցրել է մեղադրյալներից մեկի նկատմամբ քրեական հետապնդումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում