Հինգից մինչև 11 տարեկան երեխաների պատվաստումը հավանության է արժանացել ԱՄՆ-ում

Հինգից մինչև 11 տարեկան երեխաների պատվաստումը հավանության է արժանացել ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, Times․am: Կորոնավիրուսի դեմ Pfizer-ի արտադրության պատվաստանյութի կիրառումը 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաների համար պաշտոնապես հավանություն Է ստացել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները:

CDC-ի տնօրեն Ռոշել Վալենսկին նոյեմբերի 2-ի ուշ երեկոյան պաշտոնապես ստորագրել Է 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաների համար COVID-19-ի դեմ պատվաստման հարցերով զբաղվող գործակալության խորհրդատուների հանձնարարականը: Ավելի վաղ CDC-ի փորձագիտական խմբի բոլոր 14 անդամները քվեարկել են երեխաների պատվաստման հանձնարարականի օգտին:

Ենթադրվում Է, որ 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաների պատվաստումն ԱՄՆ-ում 8 տոկոսով կնվազեցնի COVID-19-ի տարածումը նոյեմբերից մինչեւ 2022 թվականի մարտ ընկած ժամանակաշրջանում: Պատվաստանյութը կներարկվի երկու չափաբաժնով՝ 10-ական միկրոգրամ, ինչը կազմում Է այն քանակության մեկ երրորդ մասը, որն ստանում են 12-ից բարձր տարիքի անձինք: Չափաբաժինները կբաշխվեն երեք շաբաթ ընդմիջումով:

Պատվաստանյութի չափաբաժինները երեխաների համար կմատակարարվեն տարբեր փաթեթներում եւ կներարկվեն հատուկ մանկական ասեղների օգնությամբ: Դրա հետ մեկտեղ հետազոտողները պատվաստման հետեւանքով սրտամկանի բորբոքման մեծ ռիսկ չեն հայտնաբերել: Փորձագետների խոսքով՝ նրանք, ովքեր չեն պատվաստվել, ենթակա են COVID-19-ով վարակման ավելի մեծ ռիսկի:

«Իսկ COVID-ով վարակումը շատ անգամ ավելի վտանգավոր Է սրտի համար»,-ասել Է նաեւ առաջատար մանկական սրտաբան Մեթյու Օսթերը: Ավելի վաղ հինգից մինչեւ 11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութի արտակարգ օգտագործմանը հավանություն Էր տվել Սննդամթերքի եւ դեղորայքային պատրաստուկների որակի վերահսկողության վարչությունը (FDA):

Գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, որոշումը հիմնավորված Է նրանով, որ պատվաստանյութը տարիքային այդ խմբի երեխաների մոտ հիվանդության կանխարգելման 90,7 տոկոս արդյունավետություն Է ցուցաբերել 4,7 հազար երեխաների տեւական հետազոտության արդյունքում, որն անցկացվել Է Միացյալ Նահանգներում, Ֆինլանդիայում, Լեհաստանում եւ Իսպանիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում