Ստեփանավանի նախկին քաղաքապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ստեփանավանի նախկին քաղաքապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, Times․am: Ստեփանավանի նախկին ղեկավար Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշենենք, որ համայնքի նախկին ղեկավարին հոկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով, վերջինս ձերբակալվել էր։ Վարույթն իրականացնող մարմինը Ղարաքեշիշյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է։

Ըստ քրեական գործի՝ Ղարաքեշիշյանը 2004-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ զբոսայգի հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից, պետական սեփականության անտառից, ինչպես նաև քաղաքապետարանի հողատարածքներից տարանջատման միջոցով առանձնացրել է հողամասեր և ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, այդ թվում՝ մորաքրոջ տղային և իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը:

Այնուհետ, գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից ընդհանուր՝ 1,433 հա տարածքները 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով նա փոխանցել է իր հետ համատեղ բնակվող իր որդիներին։

Նկատենք, որ այս դեպքում պետական մարմինը պաշտոնապես հայտարարել է անձի՝ հետախուզման մեջ գտնվելու մասին, մինչդեռ ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի հետախուզման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու համար ոստիկանությունը հայտարարել էր, թե անհրաժեշտ է ներկայացնել Մ.Պոլոսկովի լիազորագիրը, քանի որ այդ տեղեկատվությունն իր մեջ անհատական տվյալ է պարունակում։ Ըստ ամենայնի՝ Ղարաքեշիշյանը փախուստի դիմելուց առաջ հասցրել էր իրավապահներին լիազորագիր տալ, որ մամուլով հայտարարեն իր հետախուզման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում