Լեհաստանը զինված բախման վտանգ է տեսնում Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանը զինված բախման վտանգ է տեսնում Բելառուսի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, Times․am: Լեհաստանի իշխանությունները մտավախություններ ունեն, որ Բելառուսի հետ սահմանին ստեղծված իրավիճակը, որտեղ նախօրեին մոտ 4000 փախստական փորձում էր հատել սահմանը և մտնել Լեհաստան, կվերաճի զինված բախման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է BBC-ին՝ վկայակոչելով Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղարի հայտարարությունը:

Ըստ աղբյուրի՝ Պյոտր Մյուլլերը լրագրողներին ասել է, որ երկրի իշխանությունները զինված բնույթ կրող էսկալացիայի են սպասում:

Ինչպես Լեհաստանի, այնպես էլ Եվրամիության պաշտոնյաները բելառուսա-լեհական սահմանին ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի համար մեղադրում են Բելառուսի իշխանություններին:

Նոյեմբերի 8-ին Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեն հաղորդել էր, որ մեծ թվով փախստականներ Արևելքից և Աֆրիկայից շարժվում են դեպի Լեհաստանի հետ Բելառուսի սահման: Ըստ գերատեսչության հայտարարության՝ իրադրությունը չափազանց լարված է եղել, սահմանագծին՝ լեհական արգելափակոցների առջև, ավելի քան 2 հազար փախստական է եղել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Լեհաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչն էլ հայտնել էր, որ Բելառուսի տարածքում հավաքված փախստականների մեծ խումբ է շարժվում դեպի Լեհաստանի Հանրապետության սահման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում