Էրդողանի ցուցադրած թյուրքական աշխարհի քարտեզի վրա կարմիր աստղով նշված չէ, որ դրա կենտրոնը գտնվում է ոչ թե Թուրքիայում, այլ Ռուսաստանում. Պեսկով

Էրդողանի ցուցադրած թյուրքական աշխարհի քարտեզի վրա կարմիր աստղով նշված չէ, որ դրա կենտրոնը գտնվում է ոչ թե Թուրքիայում, այլ Ռուսաստանում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, Times․am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզի վրա, որն «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին օրերս նվիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կարմիր աստղով նշված չէ, որ դրա կենտրոնը Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանի Ալթայում։

«Մեր թուրք գործընկերները խթանում են թյուրքերի միասնության գաղափարը, դա նորմալ է: Միակ բանը, ինչի համար կարող եմ ափսոսալ, այն է, որ քարտեզի վրա մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում»։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ այդ կենտրոնը «Թուրքիայում չէ, այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»։ Պեսկովը պարզաբանել է, որ «դա սուրբ վայր է ցանկացած թյուրքի համար, որտեղից նրանք եկել են»։

«Ես սա որպես թյուրքագետ եմ ասում»,- շեշտել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում