Հնարավոր չէ ակնկալել, որ Թուրքիան հայտարարի, թե որոշել է հայերի ցեղասպանություն անել, և դա առանձին նամակով ուղարկի ՔՊ գրասենյակ

Հնարավոր չէ ակնկալել, որ Թուրքիան հայտարարի, թե որոշել է հայերի ցեղասպանություն անել, և դա առանձին նամակով ուղարկի ՔՊ գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, Times․am: «Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, բայց ուզում ենք մի հարց տալ Ադրբեջանին և Թուրքիային։ Թուրքիային նկատի ունենալով, քանի որ իրենք ասում են՝ մեկ ազգ՝ երկու պետություն, իրենք ուզո՞ւմ են Հայաստանը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակել և ավարտին հասցնել, թե՞ չէ։ Եթե չէ՝ դա ուրիշ հարց է, եթե հա՝ մեր ընտրությունը ո՞րն է»,- երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն, արձագանքելով այս հայտարարությանը, ազգային անվտանգության խնդիր է համարել Հայաստանի ղեկավարի մակարդակով Թուրքիայի և Ադրբեջանի մասին նման պատկերացումներ ունենալը։

«Հայաստանն այս բարդ տարածաշրջանում ղեկավարում են մարդիկ, որոնք մեր հիմնական թշնամիների մասին ունեն նման պատկերացումներ։ Բացի այդ, միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության մասին ունեն, մեղմ ասած, պարզունակ մոտեցումներ։ Որևէ երկիր որևէ այլ երկրի նկատմամբ երբևէ չի հայտարարում, որ ունի ցեղասպանություն գործելու ցանկություն։ Հնարավոր չէ ակնկալել, որ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հայտարարի, որ որոշել է հայերի ցեղասպանություն անել և դա բաց տեքստով, առանձին նամակով ուղարկի ՔՊ գրասենյակ և ասի, թե տեղեկացնում ենք ձեզ, որ ուզում ենք Հայաստանին ենթարկել ցեղասպանության։ Սա պրիմիտիվ դատողություն է»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան չի թաքցնում և երբեք չի թաքցրել, որ չի հրաժարվում Հայաստանի գոյությունը չընդունելու իր ծրագրերից։ Այդ ամենը Թուրքիան ասել է բաց տեքստով, նաև կառավարության իր ծրագրերում Հայաստանը ներկայացնում է որպես թշնամի։

«Հայաստանի հանդեպ Թուրքիան տասնամյակներ շարունակ իրականացնում է թշնամական քաղաքականություն՝ շրջափակում, Ադրբեջանի զինում։ Բոլոր հնարավոր մեթոդներով Հայաստանի դեմ է աշխատել։ Այդ երկրի իշխող վերնախավը, այս պահին իշխող դաշինքը բաղկացած է ծայրահեղ ազգայնամոլների և ծայրահեղ իսլամամետների կուսակցություններից, որոնց ծրագրերում Հայաստանը, հայությունը ներկայացված են որպես թշնամի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի համար այդ քաղաքական ուժերի պատմությանը թեթևակի ծանոթանալը կարող է նպաստավոր լինել, քանի որ այդ կուսակցության ծրագրերում Հայաստանը ներկայացվում է որպես մի երկիր, որը պետք է գոյություն չունենա»,- հավելել է Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետի խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չգիտի, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ վարում են թշնամական քաղաքականություն, որի վերջնակետը Հայաստանի չգոյությունն է, ապա այդ ամենը 680 հազար ընտրողների ողբերգությունն է, որ նման գիտելիքով մարդուն ընտրել են երկրի ղեկավար, նաև ամբողջ հայ ազգի ողբերգությունն է, որ Հայաստանն ունի նման ղեկավար։

«Նիկոլ Փաշինյանն ուղղակի կարող է լսել մասնագետների կամ կարդալ, վերընթերցել մասնագետների տարբեր տարիների վերլուծություններ, ուսումնասիրություններ Թուրքիայի և Ադրբեջանի բնույթի, քաղաքականության մասին, որից հետո նրա համար ամեն ինչ, կարծում եմ, պարզ կլինի։ Գոնե մասնագետներով քանիցս ասել ենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմադրությունն այլընտրանք չունի։ Դիմադրությունը պարտադիր չէ, որ միայն զենքով լինի, կարող է լինել դիվանագիտությամբ, գիտությամբ ու տարատեսակ այլ մեթոդներով։ Սակայն այս իշխանությունը ոչ միայն թուլացրել է մեր դիմադրողականությունը, այլև հասարակության մեջ հետևողականորեն սերմանում է այն միտքը, թե թուրքը մեր թշնամին չէ»,- շեշտել է Ռուբեն Մելքոնյանը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ Փաշինյանն այս վտանգավոր ուղերձը հասցեագրել է նաև մեր հասարակության չկողմնորոշված հատվածին՝ վերջնականապես փլուզելու ինքնապաշտպանական բնազդի վերջին նշույլները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում