Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է  Անաստաս Միկոյանի 126-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, Times․am: Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում տեղի ունեցավ ԽՍՀՄ պետական գործիչ Անաստաս Միկոյանի 126-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և գիտական կոնֆերանսը։
Ցուցահանդեսի լուսանկարները և արխիվային փաստաթղթերը ներկայացնում էին Միկոյանի ընտանիքի անդամներին, աշխատանքը՝ տարբեր պետական այրերի, մշակույթի գործիչների հետ:

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Անաստասիկ Միկոյանին նվիրված միջոցառումները պետք է իրականացներ դեռևս 2020-ին, սակայն համավարակի պատճառով այն հետաձգվել էր։

«Որքան շատ եմ ուսումնասիրում Միկոյանի կյանքն ու գործունեությունը, այնքան ավելի եմ զարմանում, թե որքան իմաստուն ու մեծ մարդ էր նա: Լուսանկարները դիտելով էլ նկատելի է, թե ինչ մեծանուն մարդկանց հետ է հանդիպել, ինչպիսի լուրջ աշխարհաքաղական հարցեր լուծել: Անհատ, որը շատ բան է արել Խորհրդային Միության և Հայաստանի համար»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Միկոյանի թոռը՝ երաժիշտ Ստաս Նամինը, ով հաջորդ տարի կհրատարակի Անաստաս Միկոյանին նվիրված «Միկոյան․ երեք դարաշրջան, մեկ ճակատագիր» վերնագրով փաստահուշագրային գիրքը։ Գրքում ներկայացվելու են արխիվային փաստաթղթեր, բացառիկ փաստեր և հիշողություններ:

«Անաստաս Միկոյանը համաշխարհային պատմության այն անհատականություներից էր, ում հաջողվել է աշխարհը փրկել երրորդ համաշխարհային պատերազմից: Միկոյանի մասին բազմաթիվ են տարբեր ասեկոսեներն ու բամբասանքները, այդ իսկ պատճառով որոշեցի ուսումնասիրել ռուսական, հայկական, ամերիկյան արխիվների փաստաթղթերը, որոնք ապացուցում են, թե ով է նա իրականում եղել։ Պետք էր հանրությանը ներկայացնել, թե ինչպիսին էր իրականում Միկոյանը՝ մարդ, ով ծնվել էր լեռնային Սանահինում, ինքնուրույն սովորել ռուսերեն և գերմաներեն, շատ կարդացել», – նշեց Ստաս Նամինը։

Կոնֆերանսին Ստաս Նամինը ներկայացրեց 20 րոպե տևողությամբ տեսաաֆիլմ, որում Անաստաս Միկոյանը պատմում է իր մասին, թե ինչպես է ապրել գյուղում, ինչպես է անցել իր մանկությունը և ինչպես է մեկնել պատերազմ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Բելառուսի Արտակարգ և Լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ-ում Ղազախստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, պատմաբաններ և այլ պետական այրեր։

ԽՍՀՄ պետական գործչի 126-ամյակին նվիրված միջոցառումները «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը իրականացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ և Սոցիալ-քաղաքական պատմության Ռուսաստանի պետական արխիվի, Նորագույն պատմության Ռուսաստանի պետական արխիվի աջակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում