Մարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել է

Մարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, Times․am։ Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացին ահազանգել է, որ ՀՀ պետական սահմանի «Բավրա» անցման կետից չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ, հակառակ այն հանգամանքին, որ անցակետը փակվում է ժամը 24։00-ից, COVID-19-ի ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտության նմուշառում չի իրականացվում ժամը 22.00-ից սկսած։

Դիմումատուն նշել է, որ մեքենայի ուղևորները, այդ թվում՝ մանկահասակ երեխաները, ստիպված են եղել գիշերել սահմանային անցակետի նստարաններին կամ մեքենայում։

Բարձրացված հարցը Պաշտպանի աշխատակազմի կողմից քննարկվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի հետ, ով հաստատել է հրապարակված տեղեկատվությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է բարձրացված հարցի քննարկում և գրություն է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարին: ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված պարզաբանումների համաձայն՝ COVID-19 ախտորոշման համար ժամը 22.00-24.00 ժամանակահատվածում նմուշառման աշխատանքների ապահովման նպատակով սահմանվել է 3 օրը 1 անգամ հերթականությամբ 3 ընկերությունների համար աշխատանքի իրականացման պարտավորություն:

Արդյունքում, լուծվել է 22։00-ից մինչև 24։00-ն ընկած ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտություն անցնելու և ՀՀ տարածք մուտք գործելու հարցը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում