Վլադիմիր Գասպարյանը չի կարողանա հեռանալ երկրից․ ընտրվել է խափանման միջոց

Վլադիմիր Գասպարյանը չի կարողանա հեռանալ երկրից․ ընտրվել է խափանման միջոց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, Times․am: Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի կարողանա մեկնել երկրից։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Այս մասին 24News-ին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Համաձայն կոմիտեի՝ ոստիկանության գեներալ-գնդապետին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և այլ հանցավոր արարքներ կատարելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը և նրա ընտանիքի անդամները 1995-2021 թվականների ընթացքում որպես օրինական եկամուտ ստացել են ընդհանուր 353 միլիոն 249 հազար 428 դրամ, սակայն 2005-2021 թվականների ընթացքում նրանց և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցված, բայց փաստացի Վ. Գասպարյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի, անշարժ գույքերի վերանորոգման արժեքների, բանկային անկանխիկ եղանակով իրականացված ծախսերի ու կատարված կոմունալ վճարումների հարաբերակցությունը մի քանի անգամ գերազանցել է նրանց օրինական եկամուտները՝ կազմելով 2 միլիարդ 477 միլիոն 884 հազար 177 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում