«Իրենք ապացուցելու բան չունեն, ես մաքուր եմ». Սոնա Շահգելդյանը՝ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

«Իրենք ապացուցելու բան չունեն, ես մաքուր եմ». Սոնա Շահգելդյանը՝ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, Times․am: Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը հայտնեց, որ արդեն երկու օր է, ինչ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։

ArmLur.am-ին հասած տեղեկություններով երգչուհու նկատմամբ հետախուզում է հայտարարվել պետական հարկերը չմուծելու հետեւանքով:

Սոնա Շահգելդյանը, անդրադառնալով թեմային, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց. «Ես հարկերը մուծում եմ եւ միշտ էլ մուծել եմ: Եթե ոչ մի տեղ ներկա պահին գրանցված չեմ, ի՞նչ հարկի մասին է խոսքը: Այդքան շատ երգիչներ կան, ինչու չեն վճարում: Ամեն օր համերգ են անում թե՛ այստեղ, թե՛ դրսում: Ես ինքս ամեն օր զինվորների համար եմ գնում երգում, բարի կամքով օգնում եմ, ի՞նչ հարկ: Իրենք ապացուցելու բան չունեն, որովհետեւ ես մաքուր եմ: Այսինքն բոլոր երգիչ-երգչուհիների մեջ միայն ես պե՞տք է վճարեմ հարկ: Իրենք իրավունք չունեն նման բան դնելու առանց նախապես ճշտելու, եւ այդտես էլ գրված է, որ ես անմեղ եմ, պարզապես հրավիրել են ՊԵԿ, եւ արդեն քանի անգամ գնացել, ապացուցել եմ: Բայց ես ինքս եմ արդեն դատի տալու նման վերաբերմունքի համար, քանի որ արդեն համբերությանս բաժակը լցվել է: Այդքան հարուստներ կան տարբեր բնագավառներում, թող իրենք վճարեն, ինչո՞ւ չեն վճարում, թե՞ ես, որ իմ քրտինքով եմ աշխատում պիտի վճարեմ»:

Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, թե ինչպես են իրավապահ մարմիններն արդեն 2 օր հայտարարել հետախուզում, այն դեպքում, երբ երգչուհին բավականին ակտիվ գործունեություն է ծավալում Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Նշենք, որ վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

Իսկ ի՞նչ մեղադրանք է ենթադրում այն 1. (Առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով`↩ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով):

Հետևեք մեզ նաև Telegram-ում