Փաշինյանի անվտանգության պետի տեղակալն «Իկրայի գործով» ցուցմունք է տվել

Փաշինյանի անվտանգության պետի տեղակալն «Իկրայի գործով» ցուցմունք է տվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մեկնարկել է Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ «Իկրայի» գործով դատական նիստը։

«Փաստինֆո»–ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստին ներկայացել է նաև Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը՝ վկայի կարգավիճակով ցուցմունք տալու։ Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշում էր կայացրել նրան բերման ենթարկելու մասին, քանի որ վերջինս, լինելով պատշաճ ծանուցված, պարբերաբար չէր ներկայանում դատական նիստին։ Այսօրվա նիստին Հովհաննես Վարդանյանը ներկայացել է ինքնակամ՝ նշելով, թե մամուլի հրապարակումներից է տեղեկացել բերման որոշման մասին, ծանուցում չի ստացել, բայց ժամանակ է գտել՝ ներկայանալու համար։

Վարդանյանը խնդրեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքը, որը պնդում է։Նրա խոսքով՝ գործի մասին լրատվամիջոցներից է տեղեկացել։
Վերջինս բացառեց, որ իր աշխատակիցները գնան խավիար գնեն. դա իր գործառույթների հետ կապ չունի, նման հրահանգ չի ստացել։

Նա նշեց, որ 2003թ ծառայության մեջ է, ոչ օրինաչափ հրահանգ չի ստացել. իրենք ապահովում են անձի անվտանգությունը, չեն կատարում որևէ գործողություն, որը դուրս է իրենց պարտականություններից, իսկ այն ծառայողները, որոնք իրենց ծառայողական պարտականություններից դուրս ինչ֊որ գործողություններ են կատարում՝ ենթարկվում են պատասխանատվության։

Այսօրվա դատական նիստին ներկայանալու համար ծանուցում էին ստացել 4 վկա, ևս երկուսի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու որոշումներ էր կայացվել, սակայն դատական նիստին ներկայացել է վկաներից միայն Հովհաննես Վարդանյանը։

Դատարանը հաջորդ դատական նիստին ներկայանալու համար որոշում կայացրեց բոլոր վկաների նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու և բերման ենթարկելու մասին։ Հաջորդ դատական նիստը հետաձգվեց մինչև 2022թ մարտի 7-ը, ժամը՝ 12։30֊ն։ Հատկանշական է, որ գործով վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը 2020 թվականի հունվարի 26-ին «Facebook» սոցիալական ցանցում կատարված գրառմամբ, այնուհետև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության ընթացքում տված ցուցմունքով հայտնել է, թե իբր ՀՀ վարչապետը Երևանում գործող ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ մեկ կիլոգրամը 3.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, որից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս մեկ կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի մեկ կիլոգրամը կարժենա 5.000 ԱՄՆ դոլար:

Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ այդ մասին տեղեկանալուց հետո ՀՀ վարչապետը որոշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցով պատժել հիշյալ ռեստորանին:

ՀՔԾ-ի գնահատմամբ՝ Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում: Ընդ որում՝ նախաքննական մարմինը սուտ մատնություն է որակել ոչ թե Փաշինյանի ընտանիքի կողմից սեւ ձկնկիթ գնելն, այլ «մարդ ուղարկելը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում