«Վերջին անգամ ենք ապրում». Աշոտ Աղաբաբյան

«Վերջին անգամ ենք ապրում». Աշոտ Աղաբաբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Դեկտեմբերի 16-ին, ժամը 18։30-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Աշոտ Աղաբաբյանի «Վերջին անգամ ենք ապրում» նոր վեպի շնորհանդեսը: Գիրքը տպագրել է «Բուկինիստ» հրատարակչությունը:

«Վերջին անգամ ենք ապրում» վեպը աշխարհի բազմաթիվ ռեկորդների հեղինակ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, լեգենդար ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի մասին է:

Շնորհանդեսին ներկա կլինեն «Բուկինիստ» ընկերության հիմնադիր տնօրեն Խաչիկ Վարդանյանը, գրքի հեղինակ Աշոտ Աղաբաբյանը, Սերգո Համբարձումյանի որդին՝ Մհեր Համբարձումյանը և դուստրը՝ Սուսաննա Համբարձումյանը: Կհնչեն Սերգո Համբարձումյանի սիրված կատարումները։ Նվագելու են ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը։

Շնորհանդեսի ընթացքում կցուցադրվի ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի մասին պատմող փաստագրական տեսաֆիլմ /16 ր. տևողությամբ/:

Ժամանակին աշխարհի ամենաուժեղ մարդը համարվող ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի մասին երբևէ համապարփակ գիրք չի տպագրվել: Աշոտ Աղաբաբյանն իր գրքում ներկայացրել է Սերգո Համբարձումյանի կյանքի ոդիսականը, որն ուղեկցվել է Աղասի Խանջյանի, Իոսիֆ Ստալինի, Անաստաս Միկոյանի, Լավրենտի Բերիայի, Խաչիկ Մուղդուսու, Եղիշե Չարենցի հետ կապված դրամատիկ դեպքերով։

Մանրամասների համար դիմել
«Բուկինիստ» ընկերություն
+37491898730 Հեղինե Մեդոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում