Դատախազությունը պահանջում է կալանավորել ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված մայորին

Դատախազությունը պահանջում է կալանավորել ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված մայորին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: Դատախազությունը պահանջում է կալանավորել ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող մայոր Ն. Ե.-ին։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Ն. Ե.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, մերժել էր Ն. Ե.-ին կալանավորելու մասին միջնորդությունը՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը։

Թեև դատարանի որոշմամբ՝ մայորի նկատմամբ պետք է ընտրվեր անազատության հետ կապ չունեցող որևէ խափանման միջոց, դատախազությունը որոշել է վերաքննիչ բողոք ներկայացնել՝ պահանջելով բեկանել դատական ակտը և կայացնել Ե-ին կալանավորելու որոշում։

Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ իրավապաշտպան հանրությունը խստորեն դատապարտում է գերիների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և նրանց ազատությունից զրկելու հանգամանքը։ Այն, որ գերեվարման հանգամանքները կարող են և պետք է դառնան քննության առարկա՝ փաստ է, սակայն գերիների նկատմամբ քրեական հետապնդումներն ինքնին կարող են վնասել Ադրբեջանում գերության մեջ պահվող մյուս անձանց հայրենադարձմանը, ինչպես նաև՝ դառնալ շահարկման առարկա։ ՄԻԵԴ-ում ՝ Ադրբեջանում գերության մեջ պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը դիրքորոշում է հայտնել առ այն, որ անթույլատրելի է հրապարակային դաշտում խոսել գերիների նկատամամբ քրեական հետապնդումների մասին և, որ և իրավական և բարոյական առումով չի կարծում, որ նրանց կալանավորելու հիմքեր գոյություն ունեն, նրանց առողջական վիճակը և այլ հանգամանքներն իսկապես չեն արդարացնում անազատությունը։ Բացի այդ՝ իրավապաշտպանը մտահոգություն է հայտնել առ այն, որ գերիների ցուցմունքները հետագայում միջազգային ատյաններում կարող են կասկածի տակ դրվել։

«Ադրբեջանը փորձելու է ներկայացնել, որ նրանց ձերբակալում են, կալանավորում են, խոշտանգում են և ստանում են Հայաստանին արժանի ցուցմունքներ և իրականում այդ անձինք ոչ թե խոշտանգվել են, այլ՝ ՀՀ իշխանությունների սպառնալիքի ներքո տվել են սուտ ցուցմունքներ՝ խոշտանգումների մասին»,- հայտարարել է Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։ Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով

Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ վերադարձած գերիներից մի մասին ձերբակալել են, ապա մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած գերիներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որոնցից չորսը բավարարվել են։ Ն. Ե.-ն միակ զինծառայողն էր, որի վերաբերյալ միջնորդությունը մերժվել էր։

Բացի այդ՝ ՔԿ-ից հայտնել են, որ նոյեմբերի 16-ին գերեվարված և դեկտեմբերի 19-ին հայրենադարձված 10 գերիները նույնպես հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, իսկ թե արդյոք վերջիններս ունեն դատավարական կարգավիճակ՝ պաշտոնապես դեռևս հայտնի չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում