Դեկտեմբերի 18-19-ին Ծաղկաձորում կայացավ «Մանթաշով» գործարարների միության հերթական հանդիպում՝ «Business weekend» ձևաչափով

Դեկտեմբերի 18-19-ին Ծաղկաձորում կայացավ «Մանթաշով» գործարարների միության հերթական հանդիպում՝ «Business weekend» ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: Այս հանդիպման ընթացքում «Մանթաշովի» հիմնադիր նախագահը ներկայացրեց ամբողջ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները։ 2021-ի ընթացքում մանթաշովականները շուրջ ավելի քան 250 միջոցառում են ունեցել՝ տարատեսակ մասնագիտական սեմինարներ, դասընթացներ, հանդիպումներ։ Պարբերաբար մեծանում է այս կազմակերպությանն անդամակցողների թիվը։ Տարվա ձեռքբերումներից է նաև կազմակերպության 3 մասնաճյուղերի բացումը՝ Ամերիկայի միացյալ նահանգներում, Ռուսաստանի դաշնության Մոսկվա և Կրասնոդար քաղաքներում։ Հայաստանից դուրս մասնաճյուղերի բացումը միտված է հայկական բիզնես միջավայրի զարգացմանը՝ միմյանց ճանաչելու և աջակցելու միջոցով։

2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում մեծ էր մանթաշովականների ներդրումը տարատեսակ աջակցող նախաձեռնություններում, ինչը չավարտվեց և պատերազմի դադարեցումից հետո։ Շուրջ 70,000 դոլար պահպանված գումարը կազմակերպության անդամների որոշմամբ ուղղվում է տարբեր նախաձեռնությունների աջակցմանը։

Հանդիպման ընթացքում հետաքրքիր զեկույցով հանդես եկան «Ամբեր կապիտալ» ներդրումային ֆոնդի (50 մլն դոլար կապիտալով) ներկայացուցիչներ Գրիգոր Հարությունյանն ու Կարեն Արաբյանը:

Հյուր էր եկել նաև ԴՌ-ում նշանակալի գործարար կապեր ունեցող գործարար մոսկովյան հեղինակավոր բիզնես ակումբի՝ «Club 500»-ի դեսպան Անատոլի Պաստերնակը։

Հանդիպման երկու օրերի սերտ շփումները խոստումնալից էին հայ գործարարների՝ միջազգային, մասնավորապես ռուսաստանյան, շուկաներ դուրս գալու համար։
Հյուրընկալել էինք նաև ԱՅԲ դպրոցի համահիմնադիր, ABBY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանին:

Միության գործարարները հանդիպում ունեցան ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի և փոխնախարար Արման Պողոսյանի հետ։ Հանդիպում կայացավ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մասնակցությամբ։ Անմիջական հարցուպատասխանի ընթացքում գործարարները Կառավարության ոլորտային պատասխանատուներին ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, ստացան պատասխաններ։ Սա հնարավորություն էր որորտները համակարգող «առաջին դեմքերին» ուղիղ կերպով բարձրաձայնել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են բիզնեսի պատշաճ զարգացմանը։

Նկատենք, որ այս ձևաչափով հանդիպումներն անցկացվում են երկամսյա պարբերականությամբ։ Գործարարները հանդիպում են՝ միասին բարձրաձայնելու ֆինանսատնտեսական ոլորտին վերաբերող հարցեր, որոնելու և գտնելու համատեղ լուծումներ, ինչպես նաև քննարկելու համագործակցության նոր ուղիներ։

«Մանթաշով» գործարարների միությունը շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է; Գործունեության առանցքը գործարար միջավայրի զարգացումն է, հայ գործարարի բարի համբավի ձևավորումը, գործարարության խթանումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում