Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը

Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, Times․am: 2021 թվականը բավական նոր տարրեր բերեց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում։ Ինչպես և կարելի էր սպասել, ոգևորվելով 2020 թ․ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակով, թուրք-ադրբեջանական դաշինքը փորձեց օգտվել հարմար պահից և հնարավորինս ամրապնդել իր դիրքերը թե՛ դիվանագիտական և թե՛ ռազմաքաղաքական ոլորտներում։ Աչք փակելով նոյեմբերի 9-ի, ինչպես նաև հունվարի 11-ի հայտնի եռակողմ հայտարարություններում ամրագրված իր պարտավորությունները կատարելու անհրաժեշտության վրա՝ ադրբեջանական կողմը ձեռնամուխ եղավ վերոնշյալ խնդիրների լուծման իր համար խիստ անհրաժեշտ գործին։ Պաշտոնական Բաքուն ժամանակ չէր կորցնում։ Նախ, զորքեր մտցնելով նոյեմբերի 9-ի պայմանավորվածությամբ Արցախի Հանրապետության իրեն հանձնված շրջանները, ադրբեջանական կողմը որոշեց էլ ավելի հեռուն գնալ և մարտական հենակետեր տեղակայել նաև ՀՀ այն հատվածներում, որոնք հետագայում հնարավորություն կտային Ադրբեջանին փաստացի վերահսկողություն սահմանելու ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի՝ ռազմավարական նշանակություն ունեցող հատվածների վրա։

Թշնամու գործողությունների տրամաբանությունը շատ պարզ էր։ Նախ այդ կերպ նրանք փորձում էին ապահովագրել իրենց ապագայում հայկական կողմի հնարավոր «ռևանշիստական» տրամադրություններից բխող սպառնալիքներից՝ տոտալ վերահսկողություն սահմանելով ոչ միայն սահմանամերձ բարձունքների, այլև մեր զորքերի տեղաշարժի բոլոր հնարավոր ճանապարհների և ուղիների վրա։ Այս խնդիրն Ադրբեջանի համար մեծ կարևորություն ունի հատկապես այն պատճառով, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հետ կապը խիստ թույլ և խոցելի է։ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը գիտակցում է, որ հնարավոր նոր պատերազմի պարագայում այդ երկու շրջանները պաշտպանելու տեսանկյունից իրենք կարող են լուրջ խնդիրներ ունենալ, հետևաբար ամեն ինչ անում է, որպեսզի օգտվի ստեղծված իրավիճակից և առավելագույնս ամրապնդի այդ տարածքները հայկական հնարավոր վտանգի առջև։ Բայց սա Ադրբեջանի ծրագրի մինիմումն է։ Թշնամու՝ առավել հեռուն գնացող նպատակը նվաճողական է։ Բաքվում հաշվարկել են, որ այս շրջանի իրենց ագրեսիվ քաղաքականությունը կարող է իսպառ ոչնչացնել իրավիճակը շտկելու Հայաստանի վերջին հնարավորությունները։ Խոսքը, իհարկե, ՀՀ Սյունիքի մարզում այնպիսի իրավիճակ ստեղծելու մասին է, որից հետո Հայաստանի հարավային շրջաններին սպառնացող թուրք-ադրբեջանական վտանգը կգերազանցի Քարվաճառի և Քաշաթաղի վերաբերյալ Ադրբեջանի բոլոր մտահոգությունները։

Բացի այդ, ամրապնդվելով ՀՀ արևելյան սահմաններին, թուրք-ադրբեջանական դաշինքը փորձում է վերջապես հասնել երկար տարիներ իր հետապնդած նպատակին՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ցամաքային կապ ստեղծելուն։ Եվ սա երկրորդ, բայց ամենակարևոր տարրն է, որն ի հայտ է եկել այս անցնող տարում։ Տեսնելով, որ ՀՀ իշխանություններն ընդունակ չեն պաշտպանելու երկրի արևելյան սահմանները և թույլ են տվել ադրբեջանական զինված ուժերին փակել անգամ Հայաստանը Իրանին կապող միջպետական ճանապարհը, Ալիևի վարչակազմը որոշում է նաև հաջորդ քայլն անել և զորք մտցնել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներ։ Ավելին՝ թուրք-ադրբեջանական դաշինքը նույնիսկ ՀՀ Սյունիքի մարզն ամբողջությամբ նվաճելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, ինչի հետևանքով տարածաշրջանում շահ հետապնդող երկրները, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունը, սկսում են լայնամասշտաբ պատերազմի պատրաստվել ՀՀ տարածքում։ Լարվածությունն իր գագաթնակետին է հասնում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին, Թեհրան է հրավիրում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ակտիվ բանակցություններ սկսում Մոսկվայի ու Անկարայի հետ։ Պաշտոնական Թեհրանը բոլոր հանդիպումների ժամանակ հստակ հայտարարում է, որ չի հանդուրժի տարածաշրջանի պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն, և իր այդ ակտիվ գործունեությամբ կարծես ստիպում է Թուրքիային և Ադրբեջանին ետ կանգնել Սյունիքը նվաճելու արկածախնդրությունից։

Երրորդ կարևոր տարրը, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջացել է անցնող տարում, բխում է վերոնշյալ զարգացումների հանգուցալուծումից։ Հասկանալով, որ Հայաստանի հարավային շրջանների նվաճումը ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում անլուծելի խնդիր է՝ թուրք-ադրբեջանական դաշինքն առաջ է քաշել ՀՀ տարածքով անցնող, այսպես կոչված, միջանցքի հարցը։ Ընդ որում, խոսքը հենց թյուրքական պետությունների վերահսկողության տակ գտնվող, այսպես կոչված, սուվերեն ճանապարհի մասին է, որն ադրբեջանական քարոզչությունն արդեն կոչել է «Զանգեզուրի միջանցք»։

Թուրքիայի իշխանությունները հասկանում են, որ նման միջանցքը հնարավորություն է տալու առանց որևէ սահմանափակման զենք-զինամթերք տրամադրել Ադրբեջանին և ազդեցիկ հարվածային ուժ ձևավորել այնտեղ, ինչը Թուրքիայի համար կարող է նաև լրացուցիչ փաստարկ դառնալ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ իր շահն առաջ մղելու համար։ Այլ կերպ ասած՝ նման միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի համար ոչ միայն տնտեսական, կոմունիկացիոն և ռազմական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Այդ է պատճառը, որ Թուրքիան, իբրև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման, հիմա էլ առաջ է քաշել հենց սուվերեն միջանցք տրամադրելու խնդիրը։ Այս փաստը հայտնի դարձավ նոյեմբերի 11-ին։ Այդ մասին ֆրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ «դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել»։

Իհարկե, Թուրքիային և Ադրբեջանին ՀՀ տարածքով միջանցք տալու դեմ պայքարում է ոչ միայն հայկական կողմը։ Այդ նախագծի թուրքական և ադրբեջանական ընկալումների դեմ են հանդես գալիս նաև Իրանը (պաշտոնական Թեհրանը շարունակ պնդում է, որ տարածաշրջանի քաղաքական քարտեզը չպետք է փոխվի) և Ռուսաստանը, թեև վերջինս դրա մասին բացահայտ հայտարարություններ չի անում։ Ավելին, ըստ էության, թուրքական միջանցքի գաղափարը ոգևորությամբ չեն ընդունել նաև Արևմուտքում։ Որքան էլ ԱՄՆ-ն և ԵՄ-ն հետաքրքրված լինեն դեպի հյուսիս Իրանի կոմունիկացիոն հնարավորությունների սահմանափակմամբ, և որքան էլ Թուրքիան շարունակի մնալ ԱՄՆ-ի կարևոր գործընկերը մեր տարածաշրջանում, այնուամենայնիվ, Վաշինգտոնում, Բրյուսելում և եվրոպական այլ մայրաքաղաքներում լավ են հասկանում, որ Թուրքիայի չափից ավելի հզորացումն այդ երկիրը իրենց դաշնակցից վերածելու է հզոր մրցակցի, որի հետ դժվար կլինի գործընկերային հարաբերություններ պահպանել։ Խնդիրն այն է, որ Թուրքիայի իշխանությունները, ոգևորվելով արցախյան վերջին պատերազմում հաղթանակով, անտեսում են աշխարհաքաղաքական իրողությունները՝ այնպիսի կեցվածք ընդունելով, կարծես Արցախում հաղթել են ոչ միայն հայկական կողմին, այլև Իրանին, Ռուսաստանին ու ԱՄՆ-ին։ Մինչդեռ դա, իհարկե, այդպես չէ և չէր էլ կարող այդպես լինել։ Որքան էլ Թուրքիան կարևոր դերակատարություն ունեցավ Արցախի դեմ Ադրբեջանի վարած պատերազմում, այնուամենայնիվ, դա Անկարայի համար տարածաշրջանն ըստ իր ցանկության վերաձևելու բավարար ռեսուրս չի ապահովում։ Ուստի կարելի է սպասել, որ այս ծրագրում ևս, ինչպես Սյունիքի մարզը գրավելու մտադրության դեպքում էր, Թուրքիայի իշխանությունները ստիպված կլինեն տեղի տալ և միջանցքի գաղափարը փոխարինել այլ լուծումներով։

Նման լուծում, ըստ ամենայնի, կարող է լինել, այսպես կոչված, Լաչինի միջանցքի մոդելը, այսինքն՝ ճանապարհի վերահսկումը ռուս սահմանապահների կողմից։ Սա այն տարբերակն է, որին դեմ չի լինի ոչ միայն Մոսկվան, այլև Թեհրանը։ Ի վերջո, Իրանի համար տարբերություն չկա, թե ՀՀ տարածքի կոնկրետ որ հատվածում կիրականացվի ռուսական վերահսկողություն։ Միևնույն է, դա վաղուց գոյություն ունեցող փաստ է, որն իրանական կողմի համար մինչ օրս խնդրահարույց չի եղել։ Բայց, Լաչինի միջանցքի մոդելն էլ իհարկե այն չէ, ինչը կարող է ընդունելի լինել Հայաստանի պետական շահի տեսանկյունից (միջանցքի գաղափարն ինքնին չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար), և ամենևին էլ այն չէ, ինչը ցանկանում են Թուրքիան և Ադրբեջանը։ Ուստի այս խնդրի քննարկումները շարունակվում են։ Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը, որից երկու օր անց՝ նոյեմբերի 28-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում հայտարարել է, թե իբր «Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում»։ Իհարկե, Ալիևի այդ խոսքերին հավատալու որևէ հիմք չկա, մանավանդ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Սոչիի հանդիպումից հետո նման որոշման մասին որևէ հայտարարություն չի եղել։ Այնտեղ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը խոսել են ոչ թե միջանցքի, այլ տրանսպորտային կոմունիկացիաներն ապաշրջափակելու իրենց պատրաստակամության մասին, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից մեկն է։ Ճիշտ է՝ ՌԴ նախագահը գործածել է նաև «միջանցքներ» բառը (հոգնակի), բայց այն վերաբերում էր տարածաշրջանի երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներին։

Պետք է գիտակցել, սակայն, որ Նախիջևանի և Թուրքիայի հետ կապի ինչ հնարավորություն էլ Ադրբեջանը ստանա, միևնույն է, Ալիևն ու Էրդողանը դա կոչելու են «Զանգեզուրի միջանցք»։ Նրանց խնդիրը շատ պարզ է․ նրանք գիտակցում են, որ ՀՀ Սյունիքի մարզով անցնող ցանկացած ճանապարհ, որը կարող են օգտագործել թյուրքական երկու պետությունների կապն ապահովելու համար, հետագայում Թուրքիային և Ադրբեջանին հնարավորություն է տալու մշտապես ճնշում գործադրելու Հայաստանի վրա։ Ադրբեջանն այդ ճանապարհն ապագայում կկոչի «կյանքի ճանապարհ» կամ նման մի բան և ինքն իրեն իրավունք կվերապահի անհրաժեշտության դեպքում պաշտպանելու այն։ Կարևոր մյուս հանգամանքն այն է, որ, այսպես կոչված, միջանցքը թուրք-ադրբեջանական դաշինքի համար առավելապես ոչ թե տնտեսական, այլ հենց ազգային նշանակություն ունի։ Հակառակ պարագայում Բաքվի և Անկարայի համար ավելի շահեկան կլիներ օգտվել ՀՀ հյուսիսարևելյան շրջաններում դեռևս խորհրդային տարիներից գոյություն ունեցող երկաթուղուց և ավտոմոբիլային ճանապարհներից։ Բայց նրանք նախընտրում եմ հենց Սյունիքը, որովհետև, բացի ՀՀ հարավը հետագայում թյուրքականացնելու նպատակից, դրանով նրանք լուծում են ևս մեկ խնդիր՝ Քաշաթաղի և Քարվաճառի յուրացումը։ Թշնամին լավ է հասկանում, որ ՀՀ Սյունիքի մարզից Քաշաթաղի շրջան մտնող ճանապարհը կնպաստի նաև Քաշաթաղի տնտեսական զարգացմանը։

Չորրորդը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առիթը բաց չի թողնում պնդելու, որ ղարաբաղյան հակամարտություն այլևս գոյություն չունի, և իրենք այդ խնդիրն արդեն լուծել են։ Տարբեր երկրներ շարունակ շնորհավորում են Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու առթիվ, խոսում այն մասին, որ տարածաշրջանը վերջապես կթևակոխի խաղաղության դարաշրջան (ի դեպ, այս թեզի դրոշակակիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է) և այլն, և այլն։ Եվ այս ամենը՝ ՀՀ իշխանությունների գրեթե բացարձակ լռության պայմաններում։ Նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, առավելապես ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հայտարարություններն այն մասին, որ Արցախի հակամարտությունը չի կարելի լուծված համարել, որ հայկական երկրորդ պետության կարգավիճակը դեռևս որոշված չէ, և անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները, ամբողջ տարվա ընթացքում պաշտոնական Երևանի կողմից գրեթե անարձագանք մնացին։ ՀՀ իշխանությունները դադարել են այցելել Արցախ, և ընդհանրապես ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը դուրս է եկել տարածաշրջանի քաղաքական օրակարգից։ Նույնիսկ Սոչիի հիշատակված եռակողմ հանդիպման ընթացքում ընդունված հայտարարության մեջ Արցախի մասին ոչ մի բառ չի նշվում։ Փոխարենը Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը և տարածաշրջանում շահ հետապնդող այլ պետություններ ակտիվորեն քննարկում են Սյունիքի մարզում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված լարվածության հնարավոր հանգուցալուծումը։ Այսինքն՝ Արցախի խնդիրը փոխարինվել է Սյունիքի խնդրով, և այն դարձել է մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական հիմնական խնդիրը։

Իրականությունն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները, մշտական լարվածություն ապահովելով Սյունիքում, փորձում են ստիպել պաշտոնական Երևանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այլևս չվիճարկել Արցախի պատկանելիության հարցը։ Ահա այս խնդիրը լուծելու ճանապարհին թուրք-ադրբեջանական դաշինքը հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջ է բերել ևս մեկ տարր՝ հինգերորդը, որն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման անհրաժեշտությունը։ Ըստ ամենայնի, ս.թ. նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում այս խնդիրն արդեն ստացել է իր լուծումը։ Համենայնդեպս, ՌԴ նախագահն իր ամփոփիչ խոսքում հայտարարել է, որ երեք երկրների փոխվարչապետները մինչ այս տարվա վերջ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ իրականացնելու մեխանիզմներ կմշակեն։ Վ. Պուտինը հայտարարել է նաև, որ այդ գործի համար որևէ խոչընդոտ չի տեսնում։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած նշված բոլոր նոր տարրերը կարելի է դասավորել ըստ ընթերցողի հարմարության։ Հասկանալի է, որ այս հարցում Հայաստանի համար առաջնային և երկրորդական խնդիրներ չկան։ Բոլորն էլ վերաբերում են մեր անվտանգությանը, կենսական շահերին և, ըստ այդմ, շատ կարևոր են։ Իսկ ամենատհաճն այն է, որ նշված տարրերից և ոչ մեկը որևէ կերպ չի համապատասխանում հայկական երկու պետությունների շահերին։ Այսինքն՝ ծավալվող բոլոր քննարկումները, բանակցությունները և հատկապես «գետնի վրա» ընթացող զարգացումները միայն ու միայն վնասում են Հայաստանի և Արցախի պետականություններին։ Սա շարունակական պարտության մի ընթացք է, որը կասեցնելու ոչ մի հնարավորություն անցնող տարում հայկական կողմին չի տրվել։ Իհարկե, դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ պատերազմում ջախջախիչ պարտություն կրելուց հետո էլ հայ ժողովուրդը երկրի կառավարման ղեկը կրկին վստահեց Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին։ 2021 թ․ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն իսկական աղետ դարձան հայկական պետությունների համար։ Այդ օրը, ըստ էության, ոչնչացան Հայաստանի պարտության ընթացքը կասեցնելու վերջին հույսերը, որից հետո հայկական պետությունը, ցավոք, նաև ժողովուրդը վերջնականապես կորցրին սեփական ճակատագիրը տնօրինելու և իրավիճակը փրկելու վերջին հնարավորությունները։ Միջազգային հանրությունն արձանագրեց, որ հայ ժողովուրդը համաձայն է դեպքերի զարգացման նման տրամաբանությանը և շարունակում է առաջ ընթանալ հենց այդ ուղով։ Դրա հետևանքով Հայաստանի և Արցախի համար դրական և բացասական բոլոր զարգացումներն այսուհետև պայմանավորվելու են բացառապես արտաքին խաղացողների գործողություններով։ Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայ էլիտաներն ու ժողովուրդը չեն որոշի փոխել դավաճան իշխանություններին և վերջապես տեր կանգնել սեփական պետությանը։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Դրօշակ» թիվ 12 (1661), դեկտեմբեր 2021 թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում