«Փառք հրաշափառ ծննդյանը Քո, Տէ՛ր». Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի Ծնունդը

«Փառք հրաշափառ ծննդյանը Քո, Տէ՛ր». Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի Ծնունդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, Times․am: Այս օրը՝ հունվարի 6-ը, քրիստոնյաներիս համար իմաստավորվեց նոր կյանքով, փրկության հույսով: Խավար աշխարհը լուսավորվեց նոր, երկար սպասված լույսով: Չկա պատմություն, որն այսչափ գեղեցիկ լինի կամ որն այնպես հուզի մարդկային հոգին, ինչպես կարող է Քավչի ծննդի մասին այս փառահեղ պատմությունը հուզել: Մարդու կողմից արտաբերված ոչ մի խոսք չի կարող զարդարել կամ գեղեցկացնել այդ ծննդի համեստ պարզությունը, գրում է qahana.am-ը

Աշխարհի Փրկիչը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ծնվել է Սուրբ և Անարատ Կույս Մարիամից` Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հռոմի Օգոստինոս կայսեր և հայոց Աբգար թագավորի օրոք: Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Ծունդը և Մկրտությունը տոնում է միասին: Այս տոները կոչվում են Աստվածահայտնության տոներ, քանզի Սուրբ Կույսից ծնվելով՝ Քրիստոս երևաց որպես մարդ, իսկ Քրիստոսի Մկրտությամբ հայտնի դարձավ կուսածին մարդու` Հիսուսի Աստվածությունը: Քրիստոսին մկրտեց Հովհաննեսը և հենց այդ ժամանակ էլ վկայեց, որ Նա է Քրիստոսը, որի մասին վկայեցին Հայրը, Սուրբ Հոգին և Հովհաննես Մկրտիչը, իսկ Հայր Աստված վկայեց. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17): Այդ նույն օրը հայտնվեց նաև Երրորդության խորհուրդը. Որդու մկրտությամբ, Հոր ձայնով և Սուրբ Հոգու աղավնակերպ իջմամբ:

Հին ուխտի մարգարեները, դեռևս մի քանի հարյուրամյակ առաջ, հստակորեն կանխատեսել էին «փառաց թագավորի» ծննդյան ժամանակը և տեղը: Այդ մարգարեությունների համաձայն՝ Հիսուս Քրիստոս պետք է ծնվեր Դավիթ թագավորի հայրենի Բեթղեհեմ քաղաքում, միևնույն ճյուղից սերող Կույս Մարիամից:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը՝ Հունվարի 6-ին, առավոտյան եկեղեցում կատարվում է Սուրբ Պատարագ, որից հետո իրականացվում է Ջրօրհնեք, ինչը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Հրաշագործ ջուրն այնուհետև՝ օրհնված Խաչով և Սրբալույս Մյուռոնով, բաժանվում է մարդկանց՝ բժշկելու հոգևոր և մարմնավոր ախտերը:

Սուրբ Ծնունդը տոնելը այնուհետև շարունակվում է ընտանիքներում՝ հավաքվելով սեղանի շուրջ և հիշելով, որ Հիսուս ծնվեց մեզ հետ լինելու, մեր դժվարությունները կիսելու և մեղքերից մեզ ազատելու համար: Հիսուս եկավ, որպեսզի այս երկրի վրա ոչ ոք այլևս իրեն մոռացված ու լքված չզգա, որպեսզի ջերմացնի, լուսավորի մեր հոգիները, լցնի սիրով ու խաղաղությամբ:

Սուրբ Ծնունդը լոկ ուրախ ու գեղեցիկ տոն չէ, այլ այն հոգևոր վերածնունդի տոն է, օր, երբ Հիսուս ծնվում է մեր յուրաքանչյուրի սրտում՝ մաքրագործելով մեր հոգիները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում