Աղավնոյի խանութի աշխատակիցը ադրբեջանցիներից վտանգ զգալու պատճառով ձեռնարկել է պաշտպանական միջոցներ

Աղավնոյի խանութի աշխատակիցը ադրբեջանցիներից վտանգ զգալու պատճառով ձեռնարկել է պաշտպանական միջոցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, Times․am: Ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր ժամը 13.00-ի սահմաններում հերթական կայանման պահին հիշյալ խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ, այդ թվում՝ ցուցադրվել է, հավանաբար, ռազմամթերք։ Այս մասին ասվում է Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունում:

«Արցախի Հանրապետության ոստիկանությունն անմիջապես արձագանքել է դեպքին, առգրավվել ենթադրյալ ռազմամթերքը։

Ներկայումս ոստիկանության կողմից դեպքի առնչությամբ կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում տվյալ վայրում գտնվող անձանց կողմից զենք կամ զինամթերք ապօրինի պահելու այլ դեպքերը բացահայտելու և դրանք առգրավելու ուղղությամբ։

Դեպքի հետևանքով որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վնաս չի պատճառվել։

Դեպքի և դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ նախաձեռնելու մասին համապատասխան տեղեկությունն առաջիկայում կփոխանցվի նաև ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին։

Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններն անընդունելի են համարում արցախա-ադրբեջանական շփման հատվածներում որևէ սադրիչ կամ հանցավոր գործողություն և պատրաստակամ են պայքարելու նման երևույթները բացառելու և կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններից ակնկալելով նույնպիսի մոտեցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում