Էրդողանի և ԱԶԿ-ի վարկանիշները շարունակում են աննախադեպ անկումը

Էրդողանի և ԱԶԿ-ի վարկանիշները շարունակում են աննախադեպ անկումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, Times․am: Թուրքիայում վերջին շրջանում իրականացվող սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում ստեղծված տնտեսական դժվարությունների ֆոնին նախագահ Էրդողանի, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վարկանիշները շարունակում են անկում ապրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը:

Թուրքիայում գործող «Metropoll Araştırma» սոցիոլոգիական կազմակերպության հարցումների համաձայն՝ հարցվածների 36,7 տոկոսն ասել է, որ ընդդիմությունը կարող է ավելի լավ կառավարել տնտեսությունը, իսկ 35,4 տոկոսը նշել է, որ ավելի լավ կարող են կառավարել իշխող կուսակցությունները։

Հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանին ցուցաբերվող աջակցությունը 2015 թվականից հետո ներկայումս ամենացածր մակարդակի վրա է, և նրա աջակցության ցուցանիշը զիջում է նախագահի մյուս երեք հնարավոր մրցակիցների ցուցանիշներին։

Էրդողանը 2018-ի ընտրություններում ստացել է ձայների ավելի քան 52 տոկոսը, իսկ Metropoll-ի վերջին հարցման արդյունքում նրան աջակցությունը կազմել է մոտ 39 տոկոս:

Մեկ այլ հարցման ժամանակ Էրդողանի վարկանիշը կազմել է գրեթե 38 տոկոս՝ հետ մնալով նախագահի երեք հավանական թեկնածուների ցուցանիշներից:

Հարցման համաձայն՝ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին աջակցությունը կազմել է 60 տոկոս, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուինը՝ 51 տոկոս աջակցություն, իսկ երրորդ տեղում «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներինը՝ 38,5 տոկոս։

Թուրքիայում գործող «Հասարակական-քաղաքական դաշտի հետազոտությունների կենտրոնը» Ստամբուլ, Իզմիր, Անկարա, Քոնիա, Սամսուն, Տրապիզոն, Բուրսա, Մուղլա, Անթալիա, Ադանա, Մերսին, Էրզրում, Աղրի, Կարս, Դիարբեքիր, Շանլըուրֆա, Մարդին, Բաթման, Վան և Սիիրթ քաղաքների 1876 բնակիչների շրջանում սոցհարցում էր անցկացրել, որի համաձայն՝ հարցվածների 56,9 տոկոսը կողմ էր արտահայտվել արտահերթ ընտրություններին, 24,2-ը՝ դեմ:

Հարցման համաձայն՝ Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինքի» և ընդդիմադիր «Ազգային դաշինքի» ուժերի միջև ձայների տարբերությունը կազմել է ր 0,6 տոկոս:

Հնարավոր ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (AKP) ձայն տալու պատրաստակամություն էր հայտնել 32,8 տոկոսը, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) օգտին՝ 27,8-ը, ընդդիմադիր «Լավ» IYI կուսակցության օգտին՝ 12,5-ը, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) օգտին՝ 11,5-ը, իշխող կոալիցիայում ներառված «Ազգայնական շարժում» (MHP) օգտին՝ 7,6-ը։

Թուրքիայում գործող «AREA Araştırma» կազմակերպության կողմից 2021թ. նոյեմբեր ամսին իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ի վարկանիշը, որում ընդգրկված են «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները, շարունակել էր անկում ապրել:

Իշխող «Ժողովրդական դաշինքի» ուժերի օգտին պատասխանած քաղաքացիները կազմել էին 39,1 տոկոս, իսկ ընդդիմադիր «Ազգային դաշինքի» ուժերի օգտին պատասխանածները՝ 42,2 տոկոս:

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» օգտին հանդես եկածները կազմել էին 10 տոկոս:

Այսպիսով` Թուրքիայում իշխող կոալիցիան արդյունքներով զիջում էր ընդդիմությանը:

Թուրքիայում գործող «Սոցիալական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի» կողմից 2021թ. սեպտեմբեր ամսին իրականացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող կոալիցիայում ընդգրկված ուժերի՝ «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունների վարկանիշը կրկին ցածր էր եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում