Ի՞նչ գին է վճարում այս իշխանությունը՝ իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու գործիքը պահպանելու համար

Ի՞նչ գին է վճարում այս իշխանությունը՝ իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու գործիքը պահպանելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, Times․am: Ծանր վիրավորանքի գործով ենք այստեղ, որը, տևական ժամանակ է, դարձել է ՀՀ-ում խոսքի ազատության, բողոքելու ազատության ճնշման գործիք։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին ֆեյսբուքյան գրառման համար Ոստիկանություն հրավիրելուն։

Ըստ Մելիքյանի՝ զավեշտն այն է, որ վիրավորանքի, զրպարտության համար քրեական պատասխանատվությունը վերացնելը դեռ 2000-ականների սկզբին եղել է ՀՀ-ի՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցելու պայման։

«Հիմա, փաստորեն, նոր իշխանությունները դա վերականգնում են, և հատկապես արևմտյան շրջանակներից որևէ արձագանք չկա։ Ես չգիտեմ՝ դրա գինը որն է՝ Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվե՞լը, արցախահայության շահերը չհետապանդե՞լը։ Ի՞նչ գին է վճարում ներկայիս իշխանությունը՝ իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու գործիքը պահպանելու համար»,-ասաց իրավապաշտպանը։

Նա վստահություն հայտնեց, որ այս գործիքը երկար կյանք չունի, բայց այս պահին պարտավոր են ներկայանալ Ոստիկանություն։

Իրավապաշտպանի խոսքով՝ հարյուրավոր մարդկանց, որոնք հանրային դեմքեր չեն և իրենց ցասումն են հայտնում երկրում կատարվողի, հայրենիք կորցնելու վերաբերյալ, կանչում են պատասխանատվության, վախեցնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում