Որդուս և ընկերոջ ծեծը տեսանկարահանված է, դատարան եմ ներկայացրել․ Ուրցաձորի նախկին համայնքապետ

Որդուս և ընկերոջ ծեծը տեսանկարահանված է, դատարան եմ ներկայացրել․ Ուրցաձորի նախկին համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, Times․am: Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը որդուն և վերջինիս ընկերոջը ծեծելու տեսանյութը ներկայացրել է դատարան, սակայն դատարանն այն հաշվի չի առել։ Այս մասին 24News-ին հայտնեց Անդրեասյանը։

Երեկ ոստիկանությունը ձերբակալել էր Ռաֆիկ Անդրեասյանին, վերջինիս որդին իր «Վազ 2121» («Նիվա») մակնիշի մեքենայով բախվել էր ոստիկանական մեքենային։ Shamshayan.com կայքը գրել էր, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել էին. «Լսեցինք, որ վթար է էղել, մեկ էլ էն տեսանք, որ Նիվայի միջից գյուղապետի տղեն դուրս էկավ, հարձակվեց ոստիկանների վրա, թե՝ դուք էդքան կա՞ք, որ էկել եք մեր գյուղ, հերիք չի, մի հատ էլ ուզում եք պապայիս տանեք։ Ձեզ ո՞վ ա թույլատրել հորս հետևից գաք ու էդքան կա՞ք, որ հորս տանեք քաղմաս»։ Ըստ տեղեկությունների՝ ոստիկանները ծեծել են Անդրեասյանի որդուն և ընկերոջը։

Անդրադառնալով այս միջադեպին՝ Անդրեասյանը 24News-ին ասաց․ «Նախ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմանում, իմ որդին է, թե ուրիշն է, եթե ինչ-որ հանցագործություն է արել, պիտի պատժվի, բայց նորից եմ կրկնում՝ իմ որդին նման պահվածք երբեք չի ունեցել, երբեք չի կարող ունենալ։ Ասուլիս կտամ, մանրամասն կասեմ, թե իրականում ինչ է եղել։ Այս ամեն ինչը քաղաքական պատվերի շրջանակում է։ Այդքան բան»։

«Որդուս և ընկերոջ ծեծը տեսանկարհանված է, տեսանյութ կա։ Այդ փաստը նույնիսկ դատարան եմ ներկայացրել, դատարանը հաշվի չի առել։ Ասուլիս կտամ, կհրապարակեմ», – եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը ազատել էր ընդդիմադիր համայնքապետերին` այդ թվում Ռաֆիկ Անդրեասյանին: Սարգսյանի գործողություններն Անդրեասյանն ապօրինի էր համարել:

Երեկ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին, դժգոհելով հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սպառնացել էր ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:

Այս առթիվ գործ էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Ռաֆիկ Անդրեասյանի որդուն քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում