Պնդելու ենք, որ Արմինե Ադիբեկյանի գործով Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես տուժող. տեսանյութ

Պնդելու ենք, որ Արմինե Ադիբեկյանի գործով Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես տուժող. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, Times․am: Այսօր Արմինե Ադիբեկյանի դատավարական ստատուսը փոխվեց, կասկածյալից դարձավ մեղադրյալ, մեղադրանքը իրականում շատ հետաքրքիր էր։ Ինչպես հայտնում է Tert.am-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Գիտեք, որ նա որոշակի արտահայտություններ է արել նկարի տակ, առանց որևէ բան մատնանշելու։ Բայց այդ նկարում պատկերված են եղել 10-ից ավելի անձինք: Տիկին Ադիբեկյանը մեղադրվում է անձնապես Նիկոլ Փաշինյանին մեղադրելու համար։ Նկարում ՔՊ-ական վերնախավն էր, բայց նրանց մասին խոսք չի գնում։ Մենք միջնորդություն ենք ներկայացրել և հարց բարձրացրել` որտեղ է տուժողը։ Եթե իմ պաշտպանյալը մեղադրյալն է, ապա տուժողը ո՞վ է։ Սա ոչ միայն տուժողի շահերի պաշտպանություն է ենթադրում, այլ նաև մեղադրյալի, որովհետև այդ անձի դիրքորոշմամբ է պայմանավորված վարույթի հետագա ընթացքը։ Տուժողի ներգրավելը նաև մեղադրյալի իրավունքն է։ ՔՕ 73-րդ հոդվածը սահմանում է, որ անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից տուժողի հետ հաշտվելու դեպքում։ Չպե՞տք է ունենանք տուժողի հետ հաշտվելու հնարավորություն։ Պնդելու ենք, որ պարոն Փաշինյանը ներգրավվի այս գործում, և լսենք, թե ինչ դիրքորոշում ունի, կարծում եմ՝ կունենանք հետաքրքիր դատավարություն։ Մեկուկես տարի առաջ նա քննիչի աշխատասենյակից սելֆի էր հրապարակել և նշել, որ հաճույքով եկել է հարցաքննվելու, կարծում եմ՝ այդ հաճույքը կարող ենք այս գործի շրջանակներում ևս պատճառել»,- ասաց Մելիքյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում