Նախարարությունը թաքցրել է գազի փաստացի թանկացման մասին տեղեկատվությունը․ տնտեսագետ

Նախարարությունը թաքցրել է գազի փաստացի թանկացման մասին տեղեկատվությունը․ տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, Times․am: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տարածքային կառավարման նախարարությունը թաքցրել է գազի փաստացի թանկացման մասին տեղեկատվությունը։

14․01․2022 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին հրապարակվել են բնական գազի մատակարարման ջերմատվության հետ կապված միջպետական պայմանագրի փոփոխությունը և ամբողջական տեղեկատվությունը։

Իրականում նախարարությունն ուղղակի ստում է, քանի որ ՀՀ կառավարության նիստի օրակարգի 7-րդ կետի փաթեթում (https://www.e-gov.am/sessions/archive/2021/12/23/) չկա որևէ տեղեկատվություն, որ 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում։

Այս տեղեկատվությունը հանրությանը հայտնի է դարձել 12․01․2022 թվականին պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում հրապարակված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնական գազի սակագնի վերանայման դիմումից։ Ինչու՞ 29․10․2021 թվականին «Գազպրոմ Արմենիա»-ի կնքած պայմանագիրը նույն նախարարությունը չի ներկայացրել հանրությանը հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Տարածքային կառավարման նախարարության անարդյունավետ աշխատանքի մասին է խոսում նաև այն փաստը, որ 2 տարի տևած գազային բանակցություններն ավարտվեցին, և պայմանագիրը ստորագրվեց այն ժամանակ, երբ գազի գինը միջազգային բորսայում աննախադեպ բարձր էր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում