Դավիթ Տոնոյանի տպավորությամբ՝ ինքը ոչ թե իր պետությունում է գտնվում կալանքի տակ, այլ՝ հարևան

Դավիթ Տոնոյանի տպավորությամբ՝ ինքը ոչ թե իր պետությունում է գտնվում կալանքի տակ, այլ՝ հարևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, Times․am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր դատարանում հայտարարել է, որ իր մոտ տպավորություն է, որ ինքը ոչ թե իր պետությունում է գտնվում կալանքի տակ, այլ՝ հարևան պետությունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատաքննության նախապատրաստման փուլում քննարկվել է կալանավորված մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջել է վերջիններիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել, Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը ,«Նավակ Ճոճող»-ը՝ Վիլեն Գաբրիելյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը։ Մյուս ամբաստանյալների պաշտպանները միջնորդել են կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ։ Դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին։

Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ դատական նիստին Դավիթ Տոնոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ իր համար որոշակի առումով հասկանալի էր քննության սկզբնական փուլում իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման կիրառումը՝ հաշվի առնելով, որ փորձաքննություն է նշանակված, դրա արդյունքներից հետագայում պարզ կլիներ՝ գործը հիմնավոր է, թե ոչ, հետագայում կշարունակի մնալ կալանքի տակ, թե՝ ոչ։ Իսկ այն բանից հետո, երբ փորձաքննությունները թողնվեցին անկատար, իր համար արդեն անհասկանալի է, թե ինչու է գտնվում կալանքի տակ, ավելին, ՝ այդ պահից սկսած իր ընկալմամբ կալանքը կրում է պատժի տարրեր։ Ավելին, Տոնոյանը հայտարարել է, որ իր մոտ տպավորություն է, որ ինքը ոչ թե իր երկրում է գտնվում կալանքի տակ, այլ՝ հարևան երկրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում