Մարդ է՞լ լրիվ ուրիշ տեղից բլյութութով հրաժարական տա… Սոցցանցերը քննարկում են Արմեն Սարգսյանի հրաժարականը

Մարդ է՞լ լրիվ ուրիշ տեղից բլյութութով հրաժարական տա… Սոցցանցերը քննարկում են Արմեն Սարգսյանի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Արմեն Սարգսյանի հրաժարականի լուրը նախօրեին և այսօր առավոտյան գրառումների մեծ ալիք բարձրացրեց սոցիալական ցանցերում։ Մինչ հայ օգտատերերի մի մասը փորձում էր հասկանալ, թե ինչը կարող էր պատճառ դառնալ նախագահի հրաժարականի համար, սոցցանցերի օգտատերերի ճնշող մեծամասնությունը ծաղրում էին Արմեն Սարգսյանի այդ որոշումը։

«Նախագահն էլ արտագաղթեց», – սարկազմով գրում են մեր հայրենակիցները։ «Առնետներն առաջինն են լքում խորտակվող նավը», – մտահոգվում են մյուսները։ Սակայն ամենատարածված կարծիքն այն է, որ Արմեն Սարգսյանի «օտարեկրյա տերերը» (հաճախ նշվում է Միացյալ Թագավորության թագուհու անունը) նրա միսիան ավարտված են համարել և ետ կանչել Հայաստանի նախագահին։

Սոցցանցերի մի շարք օգտատերեր օգտագործեցին նախագահի հրաժարականի առիթը վերջինիս՝ իբրև ՀՀ ղեկավար անգործության բազում օրինակներ հիշելու և այլոց հիշեցնելու համար։ Նրանք նաև նշում էին, որ լիազորությունների սակավությունից բողոքող Արմեն Սարգսյանը հաճախ ինքն է իր լիազորությունների մի մասը ինքնակամ գործուղել Ազգային ժողովին, ՀՀ կառավարության ղեկավարին և այլն։

Քիչ չէին նաև այն օգտատերերը, ովքեր փորձում էին կանխագուշակել ՀՀ հաջորդ նախագահի անունը։ Ինչպես կարելի էր արդեն ենթադրել, այս կանխագուշակումների հիմնական մասը նույնպես ծաղրական են։ Նշվում են Հովիկ Աղազարյանի, Վահագն Ալեքսանյանի, Էդմոն Մարուքյանի և այլ գործիչների անուններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում