ՀԱՊԿ-ը նոր գործողությա՞ն է պատրաստվում

ՀԱՊԿ-ը նոր գործողությա՞ն է պատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Հումանիտար ճգնաժամը Աֆղանստանում սպառնալիք է ՀԱՊԿ անդամ պետությունների համար։ Այս մասին նախօրեին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասը՝ հավելելով, որ ռազմական դաշինքն այս պահին զբաղված է Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանն ամրապնդելու աշխատանքներով։

Զասը նաև նշել է, որ իրավիճակը շատ լարված է, կա նարկոտրաֆիկի և ահաբեկչության վտանգ։ «Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կհաղթահարվի հումանիտար ճգնաժամը Աֆղանստանում»։

Նշենք, որ երկու օր առաջ Տաջիկստանում ՀԱՊԿ անդամ պետությունների 4 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել։ Զորավարժություններին ներգրավված են նաև 500 միավոր տեխնիկա։ Զորավարժություններն անց են կացվում Աֆղանստանի սահմանից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հարբ-Մայդոն ռազմական հրաձգարանում։

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 5-ին ՀԱՊԿ-ը առաջին անգամ ռազմական գործողություն է իրականացրել Ղազախստանի տարածքում։ Փորձագետներն ու ՀԱՊԿ անդամ պետությունների մի շարք պաշտոնյաներ Ղազախստանի փորձից հետո խոսում են ռազմական դաշինքի զինված ուժերի՝ այլ տարածաշրջաններում օգտագործելու հավանականության և օգտակարության մասին։ Որպես նման գործողության հիմնական վայր նշվում է հենց աֆղանա-տաջիկական սահմանը։ Բայց քիչ չեն լուրերը նաև այն մասին, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի խորացման ու հնարավոր պատերազմի սկսման դեպքում ՀԱՊԿ ուժերը կգործարկվեն նաև այդ ուղղությամբ։

Ամեն դեպքում փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը զգալիորեն ավելացրել է զորավարժությունների քանակը, որոնց հիմնական նպատակը տարբեր երկրների զինված ուժերի փոխներդաշնակեցումն է։ Բացի այդ, ՀԱՊԿ-ը ավելի ակտիվ է դարձել նաև իր պատասխանատվության գոտում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները մեկնաբանելու, դրանց գնահատական տալու տեսակետից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում