Ինչպե՞ս հանձնվեցին Հադրութն ու Շուշին։ Փաշինյանի բացահայտումը

Ինչպե՞ս հանձնվեցին Հադրութն ու Շուշին։ Փաշինյանի բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Չզարմանաք, բայց պետք է խոստովանեմ, որ նայել եմ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Դե հիմա մասնագիտությունս է՝ ստիպված եմ հետևել, անգամ եթե ուղիղ իր էջում նման բան անելու հնարավորություն չունեմ. արգելափակել է։ Ինքն իրեն փորձել է ջնջել իմ կյանքից։ Երանի թե հաջողեր։

Ինչևէ, շատ չեմ ուզում ծավալվել։ Ամենակարևորի մասին կխոսեմ։

Ուրեմն ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտը կրկին երկար-բարակ փորձում էր բացատրել, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում նախկին ԼՂԻՄ-ը, ովքե՞ր էին այնտեղ ապրում և ի՞նչպես էր ազդում նախկին ԼՂԻՄ աշխարհագրությունն ու ժողովրդագրությունը բանակցային գործընթացի վրա։

Ի՞նչ էր փորձում բացատրել հանրությանը Փաշինյանը։ Նա ասում է, թե բանակցային գործընթացում «ԼՂԻՄ-ը երբեք չի դիտարկվել միայն հայկական տարածք»։ Սուտ չի ասում։ Բայց նաև ճիշտ չի ասում։ Որովհետև Արցախի կարգավիճակը որոշելու հնարավոր հանրաքվեում ԼՂԻՄ բնակչության համամասնության պահպանման խնդիրը մշտապես առկա է եղել այդ նույն բանակցային սեղանի վրա։ Այսինքն չկար վտանգ, որ հավանական հանրաքվեի օրը այդ հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը հանկարծ ադրբեջանցիները դառնային։ Բայց սա չէ ամենակարևորը։ Փաշինյանն այս հարցում ընդամենը աճպարարություններ էր անում, որոնց ընթացքում, չգիտեմ, գիտակցաբար թե ոչ, բայց բացահայտեց Շուշին ու Հադրութը թշնամուն հանձնելու պատճառը։

Պատասխանելով նախկին ԼՂԻՄ տարածքների ադրբեջանցիների կողմից օկուպացնելու մասին հարցին՝ կապիտուլյանտը խոսքի մեջ կարճ կիսանախադասություն է ասում. «Հիշու՞մ եք 20 թվի նոյեմբերից Շուշիի հարց եղե՞լ ա բանակցություններում, (թե) չի եղել…»։ Եվ այս նախադասությունն ասվում է այն կոնտեքստում, որ «ԼՂԻՄ-ը երբեք չի դիտարկվել միայն հայկական տարածք»։

Հասկանու՞մ եք՝ ինչի մասին է խոսքը։ Բացատրեմ։

Ուրեմն 1989թ. մարդահամարի տվյալներով ԼՂԻՄ բնակչության 21.52%-ը ադրբեջանցիներ էին։ Հիշեցի՞ք՝ 21.52%։ Դե հիմա բացեք ԼՂԻՄ քարտեզը և հաշվեք, թե այդ քարտեզի քանի՞ տոկոսն են կազմում Հադրութի և Շուշիի շրջանները։ Հաշվեք և տեսեք, թե ինչ թիվ եք ստանում։ Վստահ եմ՝ հիմա ամեն ինչ հասկացաք։

Իր կարճ խելքով Փաշինյանը «հանրաքվե» է անցկացրել և Ադրբեջանին հանձնել «իրենց հասանելիք» 21.5 տոկոսը։ «20 թվի նոյեմբերին» է արել, իսկ այսօր խոստովանել։ Ավելի ճիշտ՝ նախորդ ասուլիսին էր փորձել խոստովանել, բայց լավ չէր ստացվել։ Իսկ այսօր ամեն ինչը տեղը տեղին բացատրեց։

Հիմա դուք արդեն գիտեք, թե ինչպես են Շուշին ու Հադրութը հանձնվել Ադրբեջանին։ Չափվաց-ձևված «պատերազմ»… Միլիմետրի ճշգրտությամբ իրականացված պայմանավորվածություն։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում