Մարդկանց համբերության բաժակը լցվել է, որովհետև ԱՊՊԱ-ից ոչ մի լավ բան չեն տեսել. բողոքի ակցիա է նախապատրաստվում

Մարդկանց համբերության բաժակը լցվել է, որովհետև ԱՊՊԱ-ից ոչ մի լավ բան չեն տեսել. բողոքի ակցիա է նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Times․am: Ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբի անդամները, խիստ դժգոհ ԱՊՊԱ վճարների թանկացումներից և գնային այլ փոփոխություններից, պատրաստվում են առաջիկա օրերին բողոքի ակցիա իրականացնել և իրենց ձայնը լսելի դարձնել պատկան մարմիններին։

Ինչպես Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խմբի ղեկավար Արտակ Խաչատուրովը, բոլոր վարորդներն անխտիր բողոքում են ԱՊՊԱ նոր կանոններից։

«Մարդիկ այնքան բարկացած են, որ հենց այսօր էլ պատրաստ են բողոքի ակցիայի դուրս գալ, բայց նախ պետք է հասկանանք՝ փոփոխություններից ինչն է բացասական, ինչը՝ դրական։ Մեր ակցիան պետք է ամուր հիմք ունենա, պետք է կարողանանք հանրային ճնշում գործադրել։ Փոփոխությունների բոլոր բաղադրիչները պետք է մանրամասն վերլուծենք, որովհետև խնդիր ունենք բոլորի շահերն ու օրինական իրավունքները պաշտպանելու», – ասաց նա։

Որպես վարորդների բարկությունը հարուցած կետ՝ Արտակ Խաչատուրովը մատնանշեց, օրինակ, մեծաքանակ վթարները, որոնք, ի վերջո, հանգեցնում են ԱՊՊԱ վճարների բարձրացման։

«ԱՊՊԱ-ն, այսպես ասած, իր վրա է վերցնում վթարները կարգավորողի գործառույթները, մինչդեռ այն ընդամենը հատուցող կազմակերպություն է։ Հետևաբար պարտավոր է միայն և միայն կարգավորել հատուցումների գործընթացը։

Մարդկանց համբերության բաժակը լցվել է, որովհետև ԱՊՊԱ-ից ոչ մի լավ բան չեն տեսել։ Ոլորտային փոփոխություններն արվել են առանց հանրային քննարկման. մարդիկ սրանից չափազանց վրդովված են։

Մի օրինակ բերեմ, ենթադրենք, մարդը նոր վարորդ է, մեքենա է գնել և պետք է ԱՊՊԱ անի. հիմա ասում են՝ եթե վերջին 4 տարում մեքենա չես ունեցել, նոր վարորդ ես, ուրեմն ռիսկային ես, պետք է ստանդարտ 41 հազար դրամ ԱՊՊԱ վճարես։ Իսկ նախկինում, եթե մարդը փոքր մեքենա էր գնում, ԱՊՊԱ-ի գումարը հազիվ 18-23 հազար դրամ էր կազմում։ Բացի սա՝ տուգանային ինչ-որ փոփոխություն էլ է նախատեսված՝ տարեկան 3 հազար դրամի ավելանալու ձևով», – ասաց մեր զրուցակիցը։

Վերջում Արտակ Խաչատուրովը նշեց, որ ակցիայի մանրամասներին կծանուցեն մոտակա օրերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում