ԱՄՆ-ն գրավոր պատասխանել է անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի պահանջին

ԱՄՆ-ն գրավոր պատասխանել է անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի պահանջին

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանը այսօր երեկոյան ՌԴ փոխարտգործնախարարին է փոխանցել անվտանգության երաշխիքների մասին Մոսկվայի պահանջի Սպիտակ Տան պաշտոնական գրավոր պատասխանը:

Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումը տեղի է ունեցել վերջինիս նախաձեռնությամբ։

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը ԱՄՆ-ից ստացված գրավոր պատասխանի մասին դեռևս որևէ մանրամասներ չի ներկայացնում։ Նշենք միայն, որ պաշտոնական Վաշինգտոնը, իր պատասխանը ռուսական կողմին փոխանցելուց անմիջապես հետո կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին լրագրողներին հայտնել է, որ իրենց պատասխանը համաձայնեցված էր Ուկրաինայի և Եվրոպայի դաշնակիցների հետ։ Դիվանագետն ավելացրել է, որ քիչ ավելի ուշ Ռուսաստանը կստանա նաև ՆԱՏՕ-ի պատասխանը, որը շատ նման է Վաշինգտոնի պատասխանին։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ իրենք նախընտրել են չհրապարակայնացնել Ռուսաստանին տրված պատասխանը՝ հույս հայտնելով, որ դա կպահպանի փակ բանակցությունները շարունակելու հնարավորությունը։ Բլինքենը նաև նշել է, որ առաջիկա օրերին փորձելու է հանդիպել Սերգեյ Լավրովի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում