Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ

Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, Times․am: Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դատախազի՝ ցուցումներով որոշումների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեից մասնակի առարկություններ են ներկայացվել, դրանց քննարկման դատավարական ժամկետները սպառված չեն և առարկությունները քննարկման փուլում են:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իր անհամաձայնությունն է հայտնել Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու դատախազի որոշման վերաբերյալ:

«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- հայտարարել էին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Դատախազությունն արձագանքել էր՝ նշելով, որ գործը լրացուցիչ քննության ուղարկելու դատախազի որոշումը լրիվ իրավաչափ է և բխում քրեադատավարական օրենքով դատախազին վերապահված իրավունքներից։

«Թե ինչ հիմնավորմամբ է դատախազի այդ որոշումը անօրինական կամ անհիմն որակվել, թերևս դրա դեմ վերադաս դատախազին առարկություններ ներկայացվելու դեպքում նույն քրեական դատավարության օրենքի տառին համապատասխան կքննարկվի և դիրքորոշում կարտահայտվի: Ուզում եմ հիշեցնել միայն, որ մեղադրական եզրակացությունը հաստատելուց և գործը դատարան ուղարկելուց հետո բացառապես դատախազն է պատասխանատու մեղադրանքի պաշտպանության համար: Իսկ նախաքննական մարմինը, տվյալ դեպքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ունեն պարտավորություն ցանկացած պարագայում իրականացնելու լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և դրա շրջանակում պետք է ապահովեն առաջադրված մեղադրանքների համար բավարար ապացույցներ և դրանց բավարար համակցություն»,- հայտարարել էին դատախազությունից։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /:

Հետևեք մեզ նաև Telegram-ում