2021-ի վիճակագրությունը ևս աղքատացման մասին է. Թադևոս Ավետիսյան

2021-ի վիճակագրությունը ևս աղքատացման մասին է. Թադևոս Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, Times․am: Օրվա իշխանությունների կեղծ խոստումներն օր-օրի բացահայտվում և փոխարինվում են ավելի մեծ ստերով: Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր հրապարակվեցին 2021թ․-ի ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ նախնական ցուցանիշները (հղումը՝ https://www.armstat.am/file/doc/99528678.pdf)։ Այսպիսով ևս մեկ անգամ փաստվում է․

Հայաստանում շարունակում է նվազել կյանքի որակը, զուգահեռաբար՝ աճում է աղքատությունը և սրվում են սոցիալական խնդիրները։

Փաստերը՝ թվերով (ցուցանիշները բերված են ստորև՝ աղյուսակում)․

1․ Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ ¼-րդ մասը։ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է մոտ 21,7 տոկոսով։

Մաասնավորապես՝ 2021թ․-ին նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է 68000 դրամ, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը՝ շուրջ 73400 դրամ։

2․ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին չեն ավելացել նաև սոցիալական նպաստի բազային և միջին չափերը, կենսաթոշակի նվազագույն և հիմնական չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները։

3․ 2022թ․-ին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։

Այսինքն՝ շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից 485000-ի կամ 83 տոկոսի նպաստներն ու թոշակները չեն ավելացել նաև 2022թ․-ին։ Մնացած 17 տոկոսի նպաստներն ու թոշակներն ավելացել են աննշան չափերով՝ միջինը 2-3 հազար դրամով։

4․ Փոխարենը՝ միայն 2021թ․-ին արդեն ունենք սպառողական գների 7,2 տոկոս, սննդամթերքի միջին գների 11,5 տոկոս, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի մոտ 21,5 տոկոս աճեր։ Իսկ 2022թ․-ի համար օրվա իշխանությունը կանխատեսել է սպառողական գների մինչև 5,5 տոկոս աճ։

5․ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,6 տոկոսով: Ինքնին խնդրահարույց է աճի այս ցուցանիշը՝ ընդամենը 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ֆոնին։

Նույնիսկ միջին աշխատավարձի ուռճացված աճի այս ցուցանիշը գրեթե 3 անգամ զիջում է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի աճին, սննդամթերքի միջին գնաճից պակաս է շուրջ 1,5 անգամ, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների (ձու, ձեթ, բանջարեղեն, շաքար և այլն) միջին գնաճից՝ շուրջ 4 անգամ։ Այլ կերպ ասած՝ 2021թ․-ին ևս աշխատողների միջին իրական աշխատավարձերը, հետևաբար նաև՝ գնողունակությունը նվազել են։

6․ 2021թ․-ին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրել, քան 2020թ․-ին, երբ առկա էին COVID-19-ի տնտեսական համատարած ու չարդարացված սահմանափակումների, դրան էլ գումարած՝ 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները։ Ընդ որում՝ 2019թ․-ի համեմատ 2020թ․-ին շուրջ 0,6 տոկոսային կետով աճել է աղքատության միջին մակարդակը, որի գործոնները սաստկացել են 2021թ․-ին և պահպանվում են 2022թ․-ին։ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու, քան այս տարի։

7․ Փաստորեն՝ օրվա իշխանությունների կեղծ խոստումներն օր-օրի բացահայտվում և փոխարինվում են ավելի մեծ ստերով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում