Հադրութի ու Շուշիի, իսկ լավ աշխատելու դեպքում նաև Քարվաճառի խնդիրները դեռ ակտուալ են․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հադրութի ու Շուշիի, իսկ լավ աշխատելու դեպքում նաև Քարվաճառի խնդիրները դեռ ակտուալ են․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Իրանում վերջնական որոշում կա՝ Պարսից Ծոցծից Սև Ծով ձգվող էներգետիկ միջանցքի համար նրանք չեն օգտվելու Նախիջևանի տարածքից։ Խողովակաշարն անցնելու է ՀՀ տարածքով։ Այս նախագծի մասին բանակցությունները շուտով կշարունակվեն Բուլղարիայում։ Էներգետիկ միջանցքի մաս կազմող պետությունները՝ Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան ու Հունաստանը համապատասխան պայմանագիր կստորագրեն։

Այսպիսով իրանական կողմը Սյունիքն իր համար ռազմավարական նշանակության տարածաշրջան է ճանաճում ոչ միայն խոսքով, այլ հիմա նաև գործով։ Հայտնի է նաև, որ շուտով Կապանում Իրանի հյուպատոսարան կհիմնվի։

Սա, իհարկե, լավ լուր է։ Հայաստանը վերջապես կճեղքի կոմունիկացիոն շրջափակումը, իսկ Թուրքիայի ներկայությունը Արցախում որոշ իմաստով կկոմպենսացվի Իրանի ներկայությամբ Սյունիքում։ Բայց աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական այս վերադասավորումները նաև լուրջ խնդիրներ են պարունակում մեզ համար։ Մասնավորապես գրեթե զրոյի է հավասարվում Հայաստանի՝ իր համար կենսական նշանակություն ունեցող հարցերում որոշումներ կայացնելու հնարավորությունը։

Բայց սա միակ խնդիրը չէ։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում ուժերի վերադասավորման այս գործընթացում Հայաստանը մնում է ձեռնունայն։ Կամ, ավելի ճիշտ, մեզ միայն փշուրներ են առաջարկվում։ Մինչդեռ մենք առնվազն Հադրութի ու Շուշիի խնդիր կարող ենք դնել։ Այո, ես հասկանում եմ, որ Հայաստանը պատերազմում պարտված կողմ է, բայց նաև հասկանում եմ ու գիտեմ դրա պատճառները։ Ի դեպ, դա Մոսկվայում էլ գիտեն, Բաքվում էլ, Թեհրանում էլ, մնացած բոլոր մայրաքաղաքներում էլ։ Հետևաբար Հադրութի ու Շուշիի, իսկ լավ աշխատելու դեպքում նաև Քարվաճառի խնդիրները դեռ ակտուալ են։ Եթե, իհարկե, դավաճան այս իշխանությունները չվաճառեն դրանք գազի տարանցման ու նման այլ ծրագրերից ակնկալվող դիվիդենտների դիմաց։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում