Ադրբեջանում հայ գերիները պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով․ ՄԻՊ

Ադրբեջանում հայ գերիները պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասաենյակից։

Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:
Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների, կալանքների չարաշահման դրսևորումների հետ և այլն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման արշավները:
Արման Թաթոյանը նշել է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումների ընթացքում Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվել է կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ու ընտանիքում բռնության կանխարգելմանը վերաբերող հարցերով, քանի որ հատկապես այդ ժամանակահատվածում դիմումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծացել է կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը:

Պաշտպանն անդրադարձել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով ընտանիքում ապրելու ու մեծանալու, կրթության, անկախ ու ներառական կյանքով ապրելու իրավունքների իրացման կարևորությանը։

Հանդիպման ժամանակ կարևորվել է լրագրողների դերը խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի բացառման հարցերում: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ լրագրողի օրինավորության և բարեխղճության կանխավարկածն է այն առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի նրա մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանքն ու բարձր վերաբերմունքը:

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը, ինչպես նաև այն, որ մարդիկ պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով:

Նա շեշտել է, որ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը:

Արման Թաթոյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի դերը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև համագործակցությունը այդ երկրի մարդու իրավունքների հաստատությունների հետ:

Դեսպան Ջոն Գալագերը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցության բարձր որակը պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչպես նաև հայտնել հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում