Բայդենը պատժամիջոցներ է սահմանել Դոնբասի և Լուգանսկի նկատմամբ

Բայդենը պատժամիջոցներ է սահմանել Դոնբասի և Լուգանսկի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, Times․am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է հրապարակել որոշակի անձանց ունեցվածքի արգելափակման եւ որոշակի գործարքների արգելման մասին, ինչը կապված է Ռուսաստանի նախագահի կողմից ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի) անկախության ճանաչման հետ: Հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի Դաշնության կողմից այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) կամ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) ճանաչումը, որոնք հանդիսանում են Ուկրաինայի տարածաշրջաններ, հակասում է ըստ Մինսկի համաձայնագրերի Ռուսաստանի պարտավորություններին եւ էլ ավելի է սպառնում Ուկրաինայի խաղաղությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, եւ, այդպիսով, իրենից ներկայացնում է արտասովոր ու արտակարգ սպառնալիք Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»,-ասվում է հրամանագրում:

Հրամանագրով արգելվում են ներդրումները ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում, ինչպես նաեւ այս տարածաշրջաններից ցանկացած ապրանքի, ծառայությունների կամ տեխնոլոգիաների ներմուծումն ԱՄՆ: Բացի այդ, այս հրամանագիրը հնարավորություն է տալիս պատժամիջոցներ դնել ցանկացած անձի վրա, որը կորոշի գործել ինքնահռչակ հանրապետություններում:

Ողջ ունեցվածքը եւ ունեցվածքի բաժինները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում կամ հետագայում կհայտնվեն ԱՄՆ-ում, եւ որոնք պատկանում են ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ կապ ունեցող անձանց, կարգելափակվեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին դիմելուց հետո փետրվարի 21-ի երեկոյան հրամանագիր ստորագրեց Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի) անկախությունը ճանաչելու մասին, ինչպես նաեւ՝ համաձայնագիր ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ բարեկամության ու փոխօգնության մասին: Սպասվում է, որ Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատները ՌԴ նախագահի որոշումը կվավերացնեն փետրվարի 22-ի նիստերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում