ՌԴ-ն արդեն ապահովել է հաղթանակը, նա է որոշելու՝ երբ և ինչ ուժգնությամբ կլինեն վերջնական հարվածները

ՌԴ-ն արդեն ապահովել է հաղթանակը, նա է որոշելու՝ երբ և ինչ ուժգնությամբ կլինեն վերջնական հարվածները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, Times․am: 10 օր է Ուկրաինայում շարունակվում է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հայտարարած հատուկ ռազմական օպերացիան։ Ինչպե՞ս է Ռուսաստանը լուծում իր առջև դրված խնդիրները և ինչ վիճակ է այս պահին Ուկրաինայում։

Փետրվարի 24-ին վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարեց Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողություն» սկսելու իր որոշման մասին։ Դրանից անմիջապես հետո Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրիանայի ռազմական օբյեկտներին՝ հիմնականում ՀՕՊ միջոցներին, օդանավակայաններին, պահեստներին և ռազմական տեխնիկայի անգարներին։

Նույն օրը ռուսական զորքերը երեք ուղղություններով՝ Դոնեցկի և Լուգանսկի հատվածից, Ղրիմից և Բելառուսի տարածքից հատել են Ուկրաինայի սահմանը և առաջացել տարբեր քաղաքների ուղղությամբ։ Ուկրաինական ԶՈւ-երը առաջին այդ հարվածին դիմադրել են միայն Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների սահմաններում, որտեղ նրանք երեք շերտով պաշտպանական գիծ էին կառուցել։ Մնացած երկու ուղղություններով ռուսական զորքերը գրեթե անարգել շարժվել են դեպի իրենց նախապես որոշած վայրեր և արդեն երեկոյան հայտնվել Կիևի մերձակայքում։

Պատերազմի 2-4-րդ օրերի ընթացքում Ռուսաստանը հետզհետե մեծացրել է ճնշումը՝ հընթացս մտնելով ուկրաինական տարբեր քաղաքներ, հետո դուրս գալով այնտեղից։ Տպավորությունն այն էր, որ ՌԴ ԶՈՒ հրամկազմը կարծում էր, թե քաոտիկ նման տեղաշարժերով, քաղաքներ գրավելով և ուկրաինական զորքերը մաշեցնելով կարելի կլինի կապիտուլյացիա պարտադրել պաշտոնական Կիևին և այդկերպ հարցն արագ լուծել։

Սակայն այդ պլանը չգործեց, որովհետև ուկրաինական կողմը հասկացավ ՌԴ ԶՈՒ գործելաոճը՝ հատկապես քաղաքներում ռազմական գործողություններից խուսափելու փաստը և բոլոր իրենց քաղաքները վերածեցին պաշտպանական շրջանների։ Արդյունքում ստեղծվեց այնպիսի վիճակ, երբ Ռուսաստանը, որն իր հարձակման բոլոր երեք ուղղություններում լուրջ առաջընթաց ուներ, իսկ Ուկրաինայի արևելքում ու հարավ-արևելքում անգամ իրար միացրեց սահմանի տարբեր հատվածներից այդ երկիր մտցրած զորքերը, փաստացի կանգնեց քաղաքները գրավելու անհրաժեշտության առջև։

Պատերազմի 5-6 օրերին մենք դարձանք Ռուսաստանի մարտական գործողությունների վարման ձևի և ծավալների փոփոխման ականատեսը։ ՌԴ ԶՈւ-ն այսուհետ հրաժարվել էր արագ տեղաշարժերի մարտավարությունից ու իր զորքերի առաջընթացը հիմնովին նախապատրաստում ռազմական ավիացիայի և հրետանու աշխատանքով։ Միևնույն ժամանակ ռուսական կողմը սկսել է շրջափակման մեջ վերցնել ուկրաինական ԶՈւ մեծ միավորներ և, նրանց ռեսուրսները մաշեցնելով, կործանել այդ ուժերը կամ նահանջ պարտադրել։

Պատերազմի 6-7-րդ օրերից սկսած Ռուսաստանը սկսել է թիրախավորել հակառակորդի քաղաքներում տեղակայված զորքերն ու ռազմական ենթակառուցվածքները։ Այդ նպատակով հիմնականում կիրառվում են ավիացիա, գերճշգրիտ հրթիռներ, որոշ դեպքերում նաև դիվերսիոն-հետախուզական խմբեր։ Ուկրաինական քաղաքներում ամրացած զորքերին հասցված հարվածների հետևանքով բազում ավերածություններ են եղել նաև բնակելի և վարչական շենքերի շրջաններում։ Այս ընթացքում հատկապես աչքի էին ընկնում Խարկովում տեղի ունեցած գործողություններն ու զարգացումները։

Այս ժամանակահատվածում ռուսական զինված ուժերին հաջողվեց մեծ ձեռքբերումներ ունենալ Ուկրաինայի արևլյան և հարավ-արևելյան շրջաններում։ Արևելքում Դոնեցկի և Լուգանսկի զորքերը բավական տարածքներ են գրավել և գրեթե հասել Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վարչական տարածքներին։ Հարավում Ռուսաստանը գրավել է Խերսոն քաղաքը, շրջանցել Նիկոլաև և մարտական գործողություններ սկսել Օդեսայի ու Կրիվոյ Ռոգի շրջաններում։ Հարավ-արևելքում ռուսական զորքերը միացել են Դոնեցկի ժողովրդական միլիցիային և շրջափակման մեջ առել Մարիուպոլը։ Ուկրաինայի հյուսիսային շրջաններում հիմնականում ռեսուրսների սպառման մարտավարություն է կիրառվում։ Չնայած դրան սակայն, ՌԴ ԶՈՒ հաջողվել է արևմուտքից և հյուսիս-արևմուտքից արգելափակել Կիևը և զարգացնել հաջողությունը դեպի քաղաքից արևելք ընկած շրջաններ։ Նույն վիճակում է նաև Խարկովը։ Այստեղ էլ քաղաքի շուրջբոլորը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ։

Պատերազմի 8-9-րդ օրերն ավելի ակտիվ էին տեղեկատվական-քարոզչական դաշտում։ Ուկրաինայի գրեթե բոլոր հատվածներում ռուսական կողմի սողացող առաջընթացին Կիևի իշխանությունները տարատեսակ քարոզչական օպերացիաներ էին հակադրում։ Այս ամենի արդյունքն այն եղավ, որ Ռուսաստանն ու Արևմուտքը փոխադարձ արգելափակեցին հակառակորդների լրատվական ռեսուրսները՝ համաշխարհային տեղեկատվական դաշտը փաստացի բաժանելով երկու մասի։

Այսօր՝ պատերազմի տասներորդ օրը ռուսական կողմը կրկին ակտիվացրել է իր գործողությունները Ուկրաինայի հարավային շրջաններում։ Ըստ ամենայնի, վճռական հարվածը լինելու է Վոզնեսենսկ քաղաքի հատվածում։ Ուկրաինական զորամիավորումներից նրանք, որոնք գտնվում են քաղաքներից դուրս, հենց այս հատվածում են կենտրոնացած։ Սակայն ՀՕՊ համակարգերի թուլության պատճառով դրանք հիմնականում հեշտ հասանելի են դառնում ռուսական օդուժի համար։

Ամփոփելով վերոնշյալը՝ կարելի է պնդել, որ ռազմական առումով Ռուսաստանն արդեն իսկ ապահովել է Ուկրաինայի հանդեպ իր հաղթանակը։ Ուկրաինական ուժերը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներ են կրել, ջլատված են, օդուժի դեմ անպաշտպան, իսկ հիմա արդեն նկատվում է նաև մարտական ոգու կտրուկ անկում։ ՌԴ ԶՈՒ-ն այլևս չի շտապում արագ արդյունքներ արձանագրել, ավելի համակարգված ու կազմակերպված է գործում։ Հաշվի առնելով այն փաստը, որ Արևմուտքը գրեթե ամբողջությամբ խզել է Ռուսաստանի հետ կապերը և պատժամիջոցների հիմնական փաթեթը կիրառել, ռուսական կողմն այլևս շտապելու տեղ չունի։ Այս պահին ռուսական բանակի առջև հիմնական երկու խնդիր է դրված՝ հնարավորինս նվազեցնել իր մարտական կորուստները և աշխատել չվնասել ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվաքներն ու լեզու գտնել տեղի բնակչության հետ։ Երկրորդ այս խնդրով պայմանավորված է Ռուսաստանը խուսափում գրոհել մեծ քաղաքները՝ փոխարենը փորձելով կետային հարվածներով չեզոքացնել այդ քաղաքներում ամրացած ուկրաինական զորքերը։

Թե որքան ժամանակ կպահանջվի Ռուսաստանից ռազմական օպերացիան ավարտելու համար, դժվար է ասել։ Բայց վստահորեն կարող ենք պնդել, որ ժամանակի տերը հիմա արդեն Մոսկվան է։ Հենց ռուսական կողմն է որոշելու, թե երբ ու ինչ ուժգնությամբ կլինեն վերջնական հարվածները կամ կլինե՞ն արդյոք դրանք, թե ոչ։ Ամեն դեպքում, Ռուսաստանն այլևս շտապելու և կորցնելու ոչինչ չունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում