Փորձել են սպանել «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկին․ տեսանյութ

Փորձել են սպանել «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկին․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, Times․am: «Օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քննություն է տարվում՝ նախօրեին Մոսկովյան փողոցում, ապօրինի կերպով ձեռք բերված զենքի գործադրմամբ, սպանության փորձ կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:

«Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. մարտի 8-ին` ժամը 02:10-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 49-ամյա բնակիչ:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը 2022թ. մարտի 7-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի շենքերից մեկի բակում, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակոցներ է արձակել 49-ամյա տղամարդու ուղղությամբ և դիմել փախուստի, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ տուժածին ժամանակին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհետաձգելի այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող արնանման հետքեր, ինչպես նաև՝ թվով 6 կրակված պարկուճ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,- հայտնում են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վիրավորը քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկն է՝ հանրապետությունում հայտնի «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում