Լարվածություն կա ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև ռուս-ադրբեջանական շփումներում

Լարվածություն կա ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև ռուս-ադրբեջանական շփումներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, Times․am: Երկու օր է մտահոգիչ տեղեկություններ են ստացվում Արցախից։ Այնտեղ թշնամին ակտիվացել է Ասկերանի և Մարտունու շրջաններում և կրակ է բացում հայկական բնակավայրերին հարող տարածքների ուղղությամբ։

Մասնավորապես, ըստ Արցախի Հանրապետության ՊԲ հաղորդագրության, ադրբեջանական կողմը 60 մմ. տրամաչափի ականանետերով երեկ և այս գիշեր արկակոծել է Խնուշինակ և Խրամորթ գյուղերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Երեկ ողջ գիշեր որոշ Telegram-ալիքներ լուրեր էին տարածում այն մասին, թե ՊԲ-ն մարտական պատրաստվածության առաջին աստիճանի է բերվել և որ թշնամին զորքեր է կուտակում ԱՀ Մարտունու և Ասկերանի շրջանների ուղղությամբ։ Ըստ մեր տեղեկությունների, ադրբեջանական զինուժի որոշ տեղաշարժ առաջնագծում իսկապես եղել է։ Բայց ոչ այն մասշտաբների, ինչպես դա ներկայացվում է սոցիալական ցանցերում։ Իրավիճակը գտնվում է ՊԲ և ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Վերջիններս, ի դեպ, օգնում են հայկական կողմին պաշտպանական նշանակության որոշակի աշխատանքներ տանել առաջնագծում։

Նշենք նաև, որ չեն համապատասխանում լուրերն այն մասին, թե Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից բնակչության մի հատվածի էվակուացիա է տեղի ունեցել։ Ըստ մեր տեղեկությունների, գյուղի որոշ ընտանիքներ սեփական նախաձեռնությամբ հանել են երեխաներից Խրամորթից։ Սակայն դա մասնավոր դեպքեր են։ Գյուղն ապրում է բնականոն կյանքով։

Ադրբեջանա-արցախյան սահմանում իրավիճակի լարման պատճառների մասին տարբեր մեկնաբանություններ կան։ Այս պահի համար կարող ենք նշել, որ լարվածություն կա ոչ միայն հայկական և ադրբեջանական կողմերի միջև, այլև ռուս-ադրբեջանական շփումներում։ Խոսքը վերաբերվում է Արցախում առկա ռուս խաղաղապահներին, որոնք վերջերս նոր սահմանափակումներ են դրել Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանցիների համար։

Խրամորթում հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել։
Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում