Արցախում ձյուն է տեղում, ջերմաստիճանը զրոյական է, բայց գազ դեռ չկա

Արցախում ձյուն է տեղում, ջերմաստիճանը զրոյական է, բայց գազ դեռ չկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, Times․am: Արդեն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչներ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազաֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջովին զրկված են գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից, այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Արցախում ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը 0 և մինուս ցելսիուս է:

«Եվ այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն: Իսկ խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո»,-նշել է նա:

Դրան զուգահեռ, Բեգլարյանի խոսքով, շարունակվում են քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակոցները մեծ ու փոքր տրամաչափի զենքերից, ինչպես նաև խոչընդոտները գյուղատնտեսական աշխատանքների կատարման հանդեպ:

«Հետևությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել իր հանցագործությունը մարդկության դեմ և հայաթափել Արցախը, սակայն մենք ամուր ենք կանգնած մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը»,-նշել է Արցախի պետնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում