Կանխեք վերահաս հումանիտար աղետն ու էթնիկ զտումն Արցախում. ՀՀ-ի և Արցախի ՀԿ-ները կոչով դիմել են միջազգային կառույցներին

Կանխեք վերահաս հումանիտար աղետն ու էթնիկ զտումն Արցախում. ՀՀ-ի և Արցախի ՀԿ-ները կոչով դիմել են միջազգային կառույցներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, Times․am: Հայաստանի եւ Արցախի շուջ երկու տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ եւ կոչով դիմել են միջազգային կառույցներին՝ կապված Արցախում վերահաս հումանիտար աղետի հետ:

Հայտարարությունում ասվում է.

«44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև:

Պատերազմի ավարտից ու 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ընդունումից գրեթե մեկ ու կես տարի անց Ադրբեջանը շարունակում է արցախցիների նկատմամբ տարբեր մեթոդներով իրականացնել էթնիկ զտման իր քաղաքականությունը:

Աշխարհաքաղաքական լարվածության և միջազգային հանրության ուշադրությունն ուկրաինական ճգնաժամով շեղված լինելու պայմաններում պաշտոնական Բաքուն կտրուկ ակտիվացրել է լարվածությունը և ճնշումներն ամբողջ Արցախի Հանրապետության և հատկապես սահմանային գոտու բնակավայրերի վրա:

Ս․թ․ մարտի 8-ից Արցախի ողջ բնակչությունը զրկված է հանրապետություն մտնող բնական գազից: Ադրբեջանական կողմը շարունակաբար խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներին: Արդյունքում՝ հանրապետության կենսապահովման օբյեկտները՝ հիվանդանոցները, ծննդատները, հացի արտադրամասերը, կրթական և մշակութային հաստատությունները, զրկված են ջեռուցումից:

Գազի խափանման պատճառով 20 000 երեխա զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից։ Հանրապետությունում մեքենաների 70 % -ից ավելին, ինչպես նաև կոմունալ ծառայությունների ողջ ավտոպարկն աշխատում է գազով, հետևաբար արցախցիներին սպառնացող տրանսպորտային ճգնաժամը ևս հեռու չէ։

Այս ամենն ադրբեջանական կողմից էլեկտրաէներգիայի և կապի միջոցների շարունակական խաթարման հետ միասին ստեղծում է անտանելի պայմաններ բնականոն կյանքի համար:

Ադրբեջանական կողմը սպառնում է նաև Արցախի բնակչության ֆիզիկական գոյությանը․ մասնավորապես միջին և խոշոր տրամաչափի զենքերով կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ: Մարտ ամսին ականանետային կրակի թիրախ են դարձել Արցախի Կարմիր Շուկա, Խրամորթ և Խնապատ գյուղերը: Արդյունքում արցախյան կողմն ունի վիրավոր, ինչպես նաև թիրախավորված կրթական հաստատություն:

Կրակոցները, հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված միջոցներն ադրբեջանական կողմից ուղեկցվում են Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ակնհայտ հոգեբանական ճնշման մեթոդներով: Արցախի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կողմը բարձրախոսներով ու հայերեն լեզվով հայ բնակչությանը տարածքը լքելու սպառնալից կոչեր է տարածում:

Վերոնշյալ հանցավոր արարքները՝ զուգորդված Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության վերացման և խեղաթյուրման գործողություններով, տեղավորվում են պաշտոնական Բաքվի հետևողական, բացահայտ հայատյաց քաղաքականության տրամաբանության մեջ, որի վերջնանպատակն Արցախից էթնիկ հայ բնակչության բնաջնջումը կամ դուրս մղումն է:

Ադրբեջանի այս ցեղասպան գործողությունները տեղի են ունենում միջազգային հանրության աչքի առաջ և չեն արժանանում համապատասխան արձագանքի:

Կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանն ընդհանրապես ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին մասնավորապես ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու վերահաս հումանիտար աղետն ու հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում:

«Դիզակ ԱՐՏ» ՀԿ

«Արցախի փախստականների միություն» ՀԿ

«Հանուն Հադրութի» ՀԿ

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Քաղաքացիական հաբ» ՀԿ

«Հարմոնիա» ՀԿ

«Թրանսփերենսի Ինթերնեշնլ Հայաստան» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Շուշի հայրենակցական միություն» ՀԿ

«Շուշիից բռնագաղթած հայ ազգաբնակչություն» ՀԿ

«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» ՀԿ

«Կռունկ» ՀԿ

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում