Արցախի գազի հարցով դրական ազդակ չկա, ընթանում են բանակցություններ․ Դավիթ Բաբայան

Արցախի գազի հարցով դրական ազդակ չկա, ընթանում են բանակցություններ․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, Times․am: Ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելու շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս դրանք սկսել։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Մարտի 8-ի առավոտյան 09։47-ին «Արցախգազ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որ այդ գիշեր ժամը 01:00-ի սահմաններում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստան-Արցախ գազատարն է վնասվել, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ վթարի վերացման աշխատանք սկսեն, ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում։ Գազատարի վնասված հատվածը Շուշիի այն մասում է, որն ադրբեջանական վերահսկողության տակ է՝ Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում։

ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշեց, որ ադրբեջանական կողմը պարզապես թույլ չի տալիս սկսել աշխատանքները։ «Ատելությունը մեր դեմ, ուրիշ ի՞նչ պատճառ պետք է լինի։ Այս ցուրտ ժամանակներում գազը չեն թողնում վերականգնել, ուրիշ ի՞նչ պատճառ պետք է լինի։ Անմարդկային վերաբերմունքը, ատելությունը, ուրիշ ոչ մի բան»։

Գազատարի վերանորոգման շուրջ բանակցություններում Արցախից նույնպես պաշտոնյաներ կան ներգրավված, սակայն Բաբայանը չմանրամասնեց, թե ովքեր են։ «Ես չեմ կարող անուններ ասել, զբաղվում են նրանք, ովքեր որ պետք է»։

Իսկ դրական ազդակներ կա՞ն բանակցություններից, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Բանակցություններն ընթանում են, այսքան բան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում