Արցախը մենակ է մնացել․ ՀՀ իշխանությունները հրաժարվել են նրանից․ Մետաքսե Հակոբյան

Արցախը մենակ է մնացել․ ՀՀ իշխանությունները հրաժարվել են նրանից․ Մետաքսե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, Times․am: Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աշխարհը խեղդվում է իր իսկ անտարբերության մեջ… Դիմում եմ Հայաստանի Հանրապետության և համասփյուռ մեր հայրենակիցներին. արդեն 8 օր է, ինչ Արցախի Հանրապետությունը գտնվում է ծանրագույն վիճակում, հումանիտար աղետը վերածվել է խորը ճգնաժամի:

ՀՀ իշխանությունները թե՛ իրենց գործողություններով, թե՛ հայտարարություններով փաստում են, որ հրաժարվել են Արցախից, ինչպես նաև անվտանգության երաշխավորի իրենց պարտավորվածությունից, ուստի Արցախը մենակ է մնացել այս անելանելի թվացող իրավիճակում:

Հայե՛ր, Արցախը ողջ հայության ձեռքբերումն է, այն սրբացել է մեր հայրերի, եղբայրների ու որդիների արյամբ, և անտարբերությամբ ու ամենաթողությամբ մենք իրականում կզրկվենք մեր Հայրենիքից:

Այն, ինչ հիմա անում է մոլագար թշնամին, մեղմ բնութագրմամբ, հակամարդկային է: Արցախի ձայնն այլևս լսելի չէ աշխարհի համար, ուստի, դիմելով ձեզ, խնդրում եմ՝ օգտագործե՛ք բոլոր հարթակներն ու հնարավորությունները, աղմուկ բարձրացրե՛ք, թույլ մի՛ տվեք Ադրբեջանի բարբարոսությունների ի կատար ածումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում