Խրամորթ գյուղի տղամարդիկ մարտական պատրաստության են բերվել․ «Հրապարակ»

Խրամորթ գյուղի տղամարդիկ մարտական պատրաստության են բերվել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, Times․am: «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի սահմանամերձ Խրամորթ գյուղի կանայք եւ երեխաները երեկ էլ գյուղ չեն վերադարձել` վարչական շրջանի ղեկավարության որոշմամբ, քանի որ անվտանգությունն ապահովված չէ։

Արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ գյուղի տղամարդիկ՝ Պաշտպանության բանակի եւ ռուս խաղաղապահների հետ, մարտական պատրաստվածության են բերվել, դիրքավորվել գյուղի տարածքում՝ պատրաստ դիմակայելու ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին։ Ցերեկը Խրամորթ են այցելել նաեւ Արցախի մի խումբ պատգամավորներ՝ աջակցություն հայտնելու խրամորթցիներին։ Նրանցից մեկը մեզ փոխանցեց, որ խրամորթցի տղամարդկանց տրամադրությունը երեկ ավելի մարտական էր, քան նախորդ օրերին։ «Կանանց, երեխաների առկայությունը կաշկանդում էր որոշ գործողությունների համար»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք եւ երեխաները։ Թե երբ կվերադառնան նրանք գյուղ, երեկվա դրությամբ պարզ չէր։ Բանն այն է, որ ադրբեջանցիների դիրքային առավելությունը խրամորթցիներին դրել է հակառակորդի ուղիղ նշանառության տակ, եւ բարձունքի վրա գտնվելով՝ ադրբեջանցիները թիրախավորված կրակում են գյուղի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում