Շուշիի միջոցառմանը ՄԱԿ-ի մասնակցությունն Ադրբեջանը կօգտագործի մարդատյաց քաղաքականությունը լեգիտիմացնելու համար

Շուշիի միջոցառմանը ՄԱԿ-ի մասնակցությունն Ադրբեջանը կօգտագործի մարդատյաց քաղաքականությունը լեգիտիմացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, Times․am: Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

Պաշտոնական Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդյունքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը Արցախի օկուպացված Շուշի քաղաքում և միջոցառմանը ՄԱԿ-ի ու նրա կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է նման միջոցառման անցկացումը Շուշիում։

ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառմանը հակասում է միջազգային այս կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը և, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց և ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով։ Սա նաև լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության աշխատանքների արդյունավետության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում