Արցախը գազից զրկելով՝ ադրբեջանական կողմը փորձում է դատարկել այն

Արցախը գազից զրկելով՝ ադրբեջանական կողմը փորձում է դատարկել այն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, Times․am: Արցախն ամբողջությամբ զրկված է գազից, ադրբեջանական կողմը փորձում է դատարկել Արցախը։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որ ունի բավարար հիմքեր՝ պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով դադարեցրել է գազամատակարարումը։

«Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով»,-ասաց պատգամավորը։

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ ադրբեջանցիներն այս քայլով փորձում են խուճապ առաջացնել Արցախում։

«Այսինքն՝ մարդիկ խուճապի մատնվեն, ընդունեն այն, ինչ ուզում են անել ադրբեջանցիները, թե իրենք են իրավիճակի տերը, իրենք են որոշում մեր ապրելու ձևը, որակը, հնարավորությունը։ Ուղղակի ցանկանում են դատարկել Արցախը։

Շատ կարևոր է, որ հավատարիմ մնանք մեր որդեգրած որոշումներին, երբ որ 1990-ականներին ժողովուրդն ասում էր, որ «մենք պատրաստ ենք առանց հացի կամ մի կտոր հացով ապրել, բայց հաստատել մեր արժանապատիվ խաղաղութունը»։

Հիմա ուղղակի այդ ճանապարհից չպետք է շեղվենք։ Իսկ մնացած իշխանությունների, այդ թվում՝ Հայաստանի իշխանաույթունների հարցն է չհրաժարվել Արցախի երաշխավորը լինելու հանգամանքից», – ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Արցախցի օրենսդիրը նաև նշեց, որ Արցախում ժողովուրդը գիտակցում է՝ պիտի ապրի նույնիսկ առանց գազի, և չտրվի թշնամու սադրանքներին։

«Կարևոր է, որ և՛ մեր իշխանությունները, և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ արտաքին գործերի նախարարությունները, և մարդու իրավուքների պաշտպանները, պատգամավորները, բոլորը ամբողջ աշխարհը փորձեն խառնել այս խնդրով, այսինքն՝ աղաղակել այս հումանիտար աղետի մասին, որը ճգնաժամի է վերածվել ուղղակի։ Եվ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել Արցախի վրա, որտեղ մարդու ապրելու տարրական իրավունքները ոչ թե սահմանափակ են, այլ նաև ուղղակի բացահայտ ոտնահարվում են։ Պետք է ուշադրություն դարձնել այս հարցերին․ ոչ թե գազը կենցաղային խնդիր է, այլ գազը դարձել է անվտանգային խնդիր, և պետք է այդ ուղղությամբ նայել»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Երեկ նաև ԱՏՇ-ն հորդորում էր Արցախի քաղաքացիներին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ «խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խափանումներից»։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

«Ունենք բավարար հիմքեր՝ պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-նշվում է հայտարարությունում։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում