ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Արցախում գազի խնդրի առնչությամբ

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Արցախում գազի խնդրի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, Times․am: Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախում կրկին գազի մատակարարումը դադարեցնելու խնդրի առնչությամբ, կոչ արել թույլ տալ վերսկսել գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն:

«ԵՄ-ն մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման վերստին անջատմամբ: Շտապ անհրաժեշտ է վերականգնել մատակարարումը տեղի տուժած բնակչությանը»,-գրել է Ստանոն:

Նա ընդգծել է՝ ԵՄ-ն կոչ է անում իշխանություններին, որոնք վերահսկողություն ունեն, թույլ տալ դա՝ հատկապես ներկայիս եղանակի պայմաններում:

Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը՝ գազատար խողովակաշարի վնասման հետևանքով։ Ադրբեջանական կողմը, որի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնում է գազատարի վնասված հատվածը, թույլ չէր տալիս հայկական կողմին և ռուս խաղաղապահներին մոտենալ խողովակին և վերականգնել գազամատակարարումը: Այնուհետև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը կատարել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներ: Արցախի իշխանություններն այնուհետև հայտնեցին, որ մարտի 21-ից Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին դադարեցվել է գազի մատակարարումը: Արցախից հայտարարել են՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում