Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, Times․am: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում գազի մատակարարման դադարեցմանը, փոխանցում է Aysor.am-ը:

Փաշինյանն ասաց, թե արդեն երեք օր է, ինչ Արցախը կրկին զրկված է գազամատակարարումից ու սա տեղի է ունեցել Ադրբեջանի անմիջական մասնակցությամբ:

«Մարտի 7-ին Արցախին մատակարարվող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում, ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը ու, ի վերջո, ինքը նորոգեց: Արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական ու ահա մարտի 18-ին Ադրբեջանը, առանց պայթյունների, պարզապես փակել է գազատարի փականը՝ այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը», – հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի է ունեցել եղանակային բացառիկ պայմաններում. մարտի 7-ին վերջին 30 տարվա մեջ աննախադեպ չափերի ձյուն էր տեղացել Արցախում ու օդի ջերմաստիճանն աննախադեպ անկում էր ունեցել, իսկ մարտի 21-ին ջերմաստիճանի անկման ու ձյան տեղումների ռեկորդը գերազանցվել էր ու ձյան տեղումները տեղ-տեղ հասնում էին 1.5 մետրի:

Վարչապետի խոսքով՝ այս պայմաններում էլ Արցախը դիտավորյալ զրկվել էր կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումից:

«Սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Չեմ կասկածում, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես, բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ ու համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ՝ առանց հարյուրավոր էջեր թերթելու: Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում», – հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում