Ասկերանի շրջանում խառն իրավիճակ է․ արցախյան կողմը զոհեր չունի

Ասկերանի շրջանում խառն իրավիճակ է․ արցախյան կողմը զոհեր չունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, Times․am: Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման հետևանքով արցախյան կողմը զոհեր չունի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: «Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները»:

Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը 24News-ին հայտնեց, որ խառն իրավիճակ է, խիստ զբաղված են, և անջատեց հեռախոսը։

Պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ սպասելի էր ադրբեջանական կողմը չի սահմանափակվելու միայն գազի մատակարարումը դադարեցնելով։ «Պատահական չէր, որ երկար ժամանակ Խրամորթի ուղղությամբ վերահսկողությունը չէր դադարում։ Առերևույթ անվտանգ էր, կանանց ու երեխաներին առաջարկվում էր դեռևս չվերադառնալ գյուղ։ Մանավանդ այն ֆոնին, որ ադրբեջանցիները հայտարարեցին, թե Հայաստանը չի պահպանում եռակողմ հայտարարության՝ զինվորականներին Արցախից դուրս բերելու վերաբերյալ կետը։ Հերթական անգամ իրենք իրենց հակասելով՝ չպահեցին կետը, որ «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»», – նշեց պատգամավորը։

«Բնականաբար այս պարագայում ռուս խաղաղապահները պետք է փորձեն իրավիճակը կարգավորել, ինչը որ անում են։ Հիմա սպասենք, տեսնենք արդյունքը», – եզրափակեց քաղաքական գործիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում