Արձակուրդի գնացած ԱԻ նախարարը Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է

Արձակուրդի գնացած ԱԻ նախարարը Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, Times․am: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։ Իսկ թե ինչ գործով է ԱԻ նախարարը հարցաքննվել, դեռ հայտնի չէ։

ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը հարցաքննվելու մասին լուրը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց՝ պատճառաբանելով, որ տեղեկություններ չունի, քանի որ ԱԻ նախարարն արձակուրդում է։

Երեկ 24News-ի հետ զրույցում ԱԻ նախարարի մամուլի քարտուղարը հաստատել էր տեղեկությունը, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։

Հակոբյանի աշխատասենյակում քննչական գործողություններ ՀԿ քննիչների հետ միասին անց էին կացրել նաև Ազգային Անվտանգության ծառայության քննիչները։ Նույնը օրը ՀԿ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը չէր մանրամասնել՝ ՀԿ-ում քննվող ինչ քրեական գործի շրջանակներում են քննիչները խուզարկություն կատարել։

Տեղեկություններ կային նաև, որ այսօր ձերբակալվել են նաև ԱԻՆ աշխատակիցներ։ Մարինա Օհանջանյանը սակայն չհաստատեց ձերբակալությունների մասին լուրն ու խնդրեց սպասել վաղը հրապարակվելիք պաշտոնական հաղորդագրությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում