Հերոսի կոչումից մինչև կալանավոր․ «Ժողովուրդ»

Հերոսի կոչումից մինչև կալանավոր․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը յուրայիններին հերոսացնելու (բառիս բուն իմաստով), այնուհետեւ հերոսից հակահերոս կերտելու հարցում անգերազանցելի է: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ՀՀ ԶՈւ գեներալ-մայորի, Հայաստանի ազգային հերոսի կոչումը վարչապետ Նիկոլ Փաշինյանից է ստացել, հենց նրա իշխանության օրոք էլ կալանավորվել: Իրավապահները նրան մեղադրում են կոռուպցիոն գործարքներ անելու եւ այլնի մեջ:

Փիլոյանից առաջ էլ Փաշինյանի՝ ««Իսկանդերը» 10 տոկոսով է կրակել» արտահայտությունը քմծիծաղով ընդունած, բայց նրա կողմից հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանն էր նույն բախտին արժանացել, որ, ի դեպ, իշխանության դեմքը փրկելու համար Սոթքի հանքավայրի մի մասի կորուստի արդարացումը յուր ուսերին էր առել։

Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրագույն կոչումների, այնուհետ նույն ճակատագրին արժանացած անձանց շարքը երկար կարելի է շարունակել։ Փաշինյանի կողմից շնորհված կոչումներից խանդավառվողները մի պահ պետք է մտորեն ու վերհիշեն Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցածը:

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից Գրիգորյանն առաջիններից էր, որ սեղմեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը, բայց դա խոչընդոտ չէր վերջինիս իշխանության համար «տուշոնկայի» չապացուցված մեղադրանքով մինչեւ վերջ պախարակելու ու տապալելու Գրիգորյանին թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում