Խաղաղության պայմանագիրն անհնար է․ Ադրբեջանն ունի մաքսիմալիստական նկրտումներ․ «Հրապարակ»

Խաղաղության պայմանագիրն անհնար է․ Ադրբեջանն ունի մաքսիմալիստական նկրտումներ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, Times․am: «Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է:

– Բրյուսելում ապրիլի 6-ին նախատեսված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Ի՞ նչ սպասել այդ հանդիպումից: Խոսվում է, որ սույն հանդիպմանն Արցախի հարցը վերջնականապես լուծում է ստանալու:

– Նիկոլ Փաշինյանը չունի նման լիազորություն: Տարածաշրջանում բոլոր շահ ունեցող կողմերը հասկանում են, որ Փաշինյանի լուծումներն ընդունելի չեն հասարակության կողմից: Ակնհայտ է, որ Արցախի հետ կապված պահանջատիրությունը մեր ժողովրդի կողմից բավականին մեծ է: Զիջումները ժողովրդի կողմից, բնականաբար, չեն ընկալվելու, ուստի այս իրավիճակում բոլոր կողմերն էլ հասկանում են, որ Փաշինյանի հետ պայմանավորվածություններն անհնար են: Այս տեսանկյունից որեւէ հստակ սպասելիք չի կարելի ունենալ: Իհարկե, Ադրբեջանը փորձում է հնարավորինս օգտվել բոլոր այն զիջումներից, որոնք Հայաստանի գործող իշխանություններն անում են՝ հույս ունենալով, որ հետագայում դրա վրա հենվելով՝ դյուրին կլինի Հայաստանի հաջորդ իշխանություններին բարդ իրավիճակի մեջ դնելը: Այս դեպքում հարցի վերջնական լուծմանը սպասել պետք չէ, անգամ եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

– Շատ է խոսվում խաղաղության նոր պայմանագրի մասին: Իսկ եթե այդ պայմանագիրը կյանքի կոչվի…

– Խաղաղության պայմանագիրն ինքնին անհնար իրողություն է, քանզի Ադրբեջանն ունի մաքսիմալիստական նկրտումներ: Այնտեղ որեւէ կետ նախատեսված չէ արցախահայության համար: Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը փորձի նման փաստաթուղթ ստորագրել, բոլորը, այդ թվում` Ալիեւը, հասկանում են, որ այն կյանքի կոչվել չի կարող, քանի որ գործ ենք ունենալու հանրային ընդվզումների հետ: Հնարավորության դեպքում հասարակությունն իր կորցրածը փորձելու է վերականգնել:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում: 2020 թվականի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո խոշոր հանրային ընդվզում չեղավ:

– Այն ժամանակ էլ եղավ: Եղել են բողոքի ակցիաներ, ցույցեր: Սա շատ երկար քննարկման թեմա է, սակայն եթե կարճ պատասխանեմ, ապա հասարակությունն իր շահն արտահայտող գործիչ չգտավ: Այդ դեպքերում հարցը կարող է այլ լուծում ստանալ:

– Հավանաբար նկատել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ, երբ կարեւոր հանդիպում է ունենում Ռուսաստանում, այդ հանդիպմանը նախորդում է վարչապետի այցն այս կամ այն արեւմտյան երկիր: Օրինակ` վերջերս ՌԴ մեկնելուց առաջ Փաշինյանը նախ մեկնեց Ֆրանսիա: Որոշ շրջանակներ պնդում են, թե հենց այսօրինակ գործողություններն են նպաստում Ռուսաստանի կրավորական կեցվածքին:

– Դժվարանում եմ ասել, թե Նիկոլ Փաշինյանն ինչու է նման քայլերի գնում եւ համաձայնեցնո՞ւմ է արդյոք իր քայլերն Արեւմուտքի հետ, թե ոչ, սակայն կա նման տպավորություն: Խնդիրն այն չէ, թե Փաշինյանն ուր է գնում եւ ինչ է խոսում: Խնդիրն այն է, թե հետագայում ինչպիսի լուծումների պատրաստակամություն է հայտնում: Ռուսաստանը եթե կրավորական դիրքերից հանդես գա, վստահեցնում եմ, որ դրանից իր շահերը պակաս չեն տուժելու, որքան մերը: Այդ պատճառով էլ ամեն բան փոխկապակցված է, դրա համար էլ կարծում եմ, որ ամեն դեպքում ՌԴ-ն եւս փորձում է Փաշինյանի թույլ կացությունը, որն ավելի շատ հենված է արտաքին խաղացողների, այլ ոչ թե ներքին տրամաբանությունների վրա, օգտագործել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում